ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ «Արարատցեմենտ» ձեռնարկությունը վերսկսել է աշխատանքն ամբողջ հզորությամբ և համապատասխան տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։
««Արարատցեմենտն» աշխատում է ամբողջ հզորությամբ»,- գրել է նախարարը։
Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկության աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացրել՝ պահանջելով հանել կապարակնիքները և վերսկսել գործարանի աշխատանքը։ Նրանք տեղեկացրել էին, որ քննչական գործողությունների պատճառով արտադրությունը դադարեցվել է, և հազարավոր աշխատողներ կանգնած են առանց աշխատավարձի մնալու վտանգի առջև։
Ակցիայից հետո ձեռնարկության ղեկավարությունը հայտնել էր, որ իրավապահ մարմինների հետ բանակցություններից հետո թույլտվություն են ստացել վերսկսել արտադրական գործընթացը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ծառուկյանի միջև հեռակա բանավեճ էր սկսվել դեռ նախընտրական փուլում։ Փաշինյանը հայտարարել էր, որ «միլիարդատեր» քաղաքական գործիչները պետք է սնանկանան՝ նկատի ունենալով նաև Ծառուկյանին։ Փաշինյանը հայտարարել էր «Արարատցեմենտը» պետության վերահսկողության տակ վերցնելու մասին, ինչից հետո ընկերությանն առնչվող վարույթներ էին նախաձեռնվել։
Ծառուկյանը ներգրավված է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու վարույթում, ինչի պատճառով արգելվել է նաև ելքը ՀՀ-ից։ Հուլիսի 6-ի առավոտյան Ծառուկյանի բնակարանում, ինչպես նաև ավելի քան 70 ընկերությունում խուզարկություններից հետո նրան ձերբակալել էին, հուլիսի 7-ին` կալանավորել։
Ծառուկյանին մեղադրում են նաև ապօրինի որսի մեջ, և այդ վարույթի շրջանակում նրա առաձնատնից առգրավվել էին կենդանիների խրտվիլակներ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, առյուծներից մեկը քնեցումից չէր արթնացել։ Ծառուկյանն իրեն առաջադրված մեղադրանքներն անվանել էր «սուտ» և «փուչիկ»։
Կարդացեք նաև՝
Աշխատակիցները պահանջել են բացել «Արարատցեմենտ»-ը․ Փաշինյանը սպառնացել է ազատմամբ






































