Կալանավորված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ընկերության աշխատակիցներն առավոտյան բողոքի ակցիա են իրականացրել ձեռնարկության տարածքում՝ պահանջելով հանել կապարակնիքները և վերսկսել գործարանի աշխատանքը։ Գործարանը փակվել էր հուլիսի 6-ին՝ Ծառուկյանի առանձնատանն ու 70 հասցեում գտնվող տարբեր ընկերությունների խուզարկումից հետո։
Ի պատասխան այս գործողությունների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ձեռնարկությունը «շատ շուտով կդառնա պետական»։ Կառավարության ղեկավարը միևնույն ժամանակ զգուշացրել է աշխատակիցներին, որ «հակաիրավական գործողություններին» մասնակցելու դեպքում նրանք կազատվեն աշխատանքից։
«Կապանում զգուշացրել, ասել էի՝ այն մարդիկ, ովքեր պատվերով գործողոություններ են անում, ազատվելու են աշխատանքից։ Հունիսին զգուշացրեցի՝ օգոստոսին արդեն ազատվել էին աշխատանքից, նրանց մի մասի նկատմամբ քրգործեր են հարուցված, մի մասն էլ դատվել է։ Ուզում եմ խաղի կանոնները պարզ լինեն»,- սպառնացել է Փաշինյանը՝ օրինակ բերելով ԶՊՄԿ-ի աշխատակիցների ակցիաները։
Բողոքի ակցիայի ժամանակ «Արարատցեմենտ»-ի գլխավոր տնօրեն Արտեմ Պողոսյանը հայտարարել է, որ ձեռնարկության ղեկավարությունը դիմել է Քննչական կոմիտե՝ կապարակնիքները հանելու խնդրանքով, սակայն երկար ժամանակ պատասխան չի ստացել։
Պողոսյանի փոխանցմամբ՝ ընկերության հաշվապահությունը մնում էր կնքված, արտադրանքի իրացում չէր իրականացվում, իսկ ֆինանսական գործառնությունները փաստացի կասեցված էին, ինչը վտանգում էր աշխատավարձերի վճարումը։
«Դիմել ենք Քննչական կոմիտեին՝ խնդրելով հանել կապարակնիքները, որպեսզի ձեռնարկությունը կարողանա վերսկսել աշխատանքը, և մարդիկ կարողանան իրենց ապրուստը վաստակել։ Մինչ այս պահը որևէ նորություն չկար»,- նշել է նա։
Ակցիայի ընթացքում աշխատակիցների մի մասը հայտարարել է, որ գործարանը չբացվելու դեպքում պատրաստվում են ի նշան բողոքի փակել Զոդի կամուրջը։ Աշխատողները նաև հավելել են, որ իրենցից շատերը վարկեր ունեն և մտավախություն ունեն մնալ առանց միջոցների։
Ավելի ուշ ձեռնարկության ղեկավարությունը տեղեկացրել է, որ իրավապահ մարմինների հետ բանակցությունների արդյունքում արտադրական գործընթացը վերսկսելու թույլտվություն է ստացվել։ Պողոսյանի խոսքով՝ գործարանում արդեն սկսել են հերթափոխեր ձևավորել և տեխնիկական աշխատանքներ իրականացնել արտադրությունը գործարկելու համար։
Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էր ընկերությունը պետության վերահսկողության տակ վերցնելու մասին, ինչից հետո ընկերությանն առնչվող վարույթներ էին նախաձեռնվել։
Ծառուկյանը ներգրավված է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու վարույթում, ինչի պատճառով արգելվել է նաև ելքը ՀՀ-ից։ Հուլիսի 6-ի առավոտյան Ծառուկյանի առանձնատամը, ինչպես նաև ավելի քան 70 ընկերությունում խուզարկություններից հետո նրան ձերբակալել էին, իսկ հուլիսի 7-ին նրան կալանավորել էին։
Ծառուկյանին մեղադրում են նաև ապօրինի որսի մեջ, և այդ վարույթի շրջանակում նրա առաձնատնից առգրավվել էին կենդանիների խրտվիլակներ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, առյուծներից մեկը քնեցումից չէր արթնացել։ Ծառուկյանն իրեն առաջադրված մեղադրանքներն անվանել է «սուտ» և «փուչիկ»։






































