«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը և ճանապարհային երթևեկության փորձագետ, փաստաբան Արտակ Խաչատուրովն Armenia Today-ին մեկնաբանել են Երևանում ձնհալից հետո փողոցներում առաջացած փոսերի խնդիրը, դրանց հետևանքով վարորդներին պատճառված վնասները, խոսել նաև փոխհատուցում ստանալու հնարավոր մեխանիզմների մասին:
Փետրվարի 9-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ այս ձմռանը ճանապարհներն աղով մշակելու պատճառով փոսալցման հետ կապված խնդիրներ են առաջացել։ Քաղաքապետը նշել էր, որ համայնքապետարանը մեծ աշխատանք պետք է կատարի փոսերը փակելու համար։
Մեկնաբանելով վարորդների կողմից նյութական վնասի փոխհատուցում ստանալու մեխանիզմները՝ փորձագետները պատմել են համապատասխան ընթացակարգի մասին և գնահատել դրա արդյունավետությունը:
Քեյանի խոսքով՝ վթարի և դրա պատճառների արձանագրման համար անհրաժեշտ է դեպքի մասին տեղեկացնել ճանապարհային ոստիկանությանը, այնուհետև վարորդը պետք է դիմի փորձագիտական ընկերությանը՝ վնասը գնահատելու և համապատասխան եզրակացություն ստանալու համար: Դրանից հետո նա պետք է գրավոր փոխհատուցում պահանջի քաղաքապետարանից, թաղապետարանից, համայնքից կամ մարզից։
Քեյանը նշել է, որ շատ դեպքերում քաղաքացիներին հաջողվել է դատական կարգով փոխհատուցում ստանալ, բայց հաճախ գործընթացը կարող է բավական երկար տևել: Փորձագետները վարորդների ուշադրությունը հրավիրել են այն փաստի վրա, որ միայն ԿԱՍԿՈ ապահովագրություն ունեցող ավտոմեքենաների սեփականատերերը կարող են ապահովագրական ընկերություններից փոխհատուցում ստանալ։

«ԱՊՊԱ պայմանագրով չեն կարող փոխհատուցում ստանալ, որովհետև փոսն ընկնելը, փոսից վնասվելն ավտոպատահար չէ»,- նշել է Խաչատուրովը։

Խաչատուրովը պարզաբանել է, որ միջադեպն արձանագրելուց և փորձագիտական եզրակացություն ստանալուց հետո քաղաքացին պետք է դիմի Երևանի քաղաքապետարանին՝ փոխհատուցման պահանջով: Քաղաքապետարանի մերժումից հետո, նրա խոսքով, վարորդը պետք է դիմի դատարան, որը մոտ կես տարի անց կարող է որոշում կայացնել քաղաքապետարանի մեղավորության մասին՝ պատճառված վնասի համար: Այնուհետև անհրաժեշտ է կրկին դիմել քաղաքապետարանին, և երկրորդ մերժումից հետո վարորդը կարող է կրկին դիմել դատարան:
«Լավագույն դեպքում՝ բավական ծախս կանեն, ու երկու դատական նիստից հետո նոր կհատուցվի»,- ասել է փաստաբանը։
Նա նշել է, որ, իրականում, այդ գործընթացները կարող են տևել մեկուկես-երկու տարի, ընդ որում՝ վնասները միջինում կազմում են 80 000-200 000 դրամ (մոտ 200-500 դոլար): Խաչատուրովի խոսքով՝ քաղաքապետարանը կարող է փոխհատուցում չտրամադրել նույնիսկ դատարանի որոշումից հետո, ինչն ստիպում է կրկնակի հայցերով դիմել: Փաստաբանն ընդգծել է, որ, արդյունքում, քաղաքացիների համար ավելի հեշտ է բողոքի ակցիաներ իրականացնել, քան փորձել օրինական ճանապարհով հարցը լուծել: Նրա տվյալներով՝ չկա դեպք, երբ քաղաքապետարանը կամավոր հատուցեր վնասը։
Խաչատրուվի գնահատմամբ՝ հիմնական խնդիրներն արձանագրվում են քաղաքային ճանապարհներին, մինչդեռ միջմարզային և միջպետական մայրուղիներն ավելի լավ վիճակում են: Նա նշել է, որ Վայքով, Վանաձորով, Արմավիրով և Գյումրիով են անցնում միջպետական նշանակության ճանապարհներ, որոնց որակն էապես բարձր է:
Նրա խոսքով՝ Եղեգնաձորում ասֆալտի ծածկույթը վերջերս են թարմացրել, մինչդեռ նախկինում այնտեղ ճանապարհները տևական ժամանակ քայքայված վիճակում էին։
Նա նաև կարծիք է հայտնել, որ փոսերի պատճառով մեքենաների վնասման դեպքերի ընդհանուր թիվն այս տարի կարող է գերազանցել 500-1000-ը: Խաչատուրովը պարզաբանել է, որ նման վթարների թվի մասին ստույգ տվյալներ չկան, քանի որ քաղաքացիների միայն մոտ 10%-ն է դիմում ճանապարհային ոստիկանությանը արձանագրություն կազմելու համար:

Անդրադառնալով փոսերի առաջացման պատճառներին՝ Քեյանը նշել է, որ խնդիրը տարիներ շարունակ շինարարական աշխատանքներն անբարեխիղճ կատարելն է։
«Ամեն տարի աշխատանքներ չեն իրականացվում տեխնիկական պահանջներին համապատասխան, ինչի հետևանքով ճանապարհներն անձրևի, ձյան, եղանակային պայմանների պատճառով շատ արագ շարքից դուրս են գալիս։ Այդ ամենի հետևանքով տուժում են վարորդները, կրում նյութական մեծ վնասներ»,- նկատել է Քեյանը։
Փորձագետը պարզաբանել է, որ, մասնավորապես, Հայաստանում ասֆալտապատման ժամանակ չի կիրառվում այն բիտում, որքան անհրաժեշտ է բարձր որակի համար։ Մինչդեռ, նրա խոսքով, այլ երկրներում ասֆալտապատվող հատվածը նախապես ամբողջությամբ ծածկվում է մոտ կես սանտիմետր հաստությամբ բիտումի շերտով՝ ասֆալտի շերտերի կպչունությունն ապահովելու համար:
«Մեզ մոտ փայտի ծայրով աննշան բիտումի նախշ են անում, որի վրա ասֆալտ են լցնում։ Այդ դեպքում հնարավոր չէ անհրաժեշտ կպչունություն ապահովել»,- հավելել է Քեյանը։
Նա կարծիք է հայտնել, որ եթե քաղաքացիներն սկսեն ակտիվորեն քաղաքապետարանին պահանջներ ներկայացնել փոսերի պատճառով կրած վնասների փոխհատուցման համար, քաղաքապետարանը ֆինանսական խնդիրներ կունենա և ավելի լավ կվերահսկի ճանապարհներին շինարարական աշխատանքների կատարման որակը: Քեյանի խոսքով՝ սա ժամանակատար, բայց արդյունավետ միջոց է։
Մեկնաբանելով միջազգային փորձը՝ նա պարզաբանել է, որ զարգացած երկրներում ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարող ընկերությունը երաշխավորում է դրանց անվտանգությունն ու որակը։ Նրա խոսքով՝ Հայաստանում նշված երաշխիքները տրամադրելու համար քաղաքապետարանի կողմից ճնշումների դեպքում ընկերությունները կհասկանան, որ պետք է պատշաճ աշխատեն:
Քեյանն ընդգծել է այս հարցում միջազգային փորձի ուսումնասիրման անհրաժեշտությունը՝ կատարված աշխատանքի համար շինարարական ընկերությունների պատասխանատվությունն ապահովելու համար։



































