Սյունիքի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով կա 4 զոհ ու վիրավոր, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ հունիսի 7-ին, ժամը 15։15-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում, Jeep Compass մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով գլխիվայր հայտնվել անտառում՝ ծառերի մեջ։
Նշվում է, որ 4 անձ տեղում մահացել է, 1 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։Կայքի տեղեկություններով՝ մահացածներն ու վիրավորը Սյունիքի մարզի բնակիչներ են, բոլորը ազգականներ, իսկ վթարի վայրը պարեկները հայտնաբերել են դրոնի միջոցով։
Կայքը հավելել է, որ մեքենան վարել է Սյունիքի մարզի բնակիչ 46-ամյա Հարություն Հարությունյանը։ Վթարի հետևանքով Հարությունյանը, Սյունիքի մարզի բնակիչներ 41-ամյա Ազնիվ Գևորգյանը, 14-ամյա Հայկ Հարությունյանը, 19-ամյա Տիգրան Հարությունյանը տեղում մահացել են, իսկ 17-ամյա Էմիլիա Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։ Ավտոմեքենայի մեջ էին Կապանի փոխհամայնքապետ Մարատ Հարությունյանի տղան, եղբայրը և եղբոր ընտանիքը։




































