Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը մեկնաբանել է նախընտրական շրջանում «Իմ քայլը» հիմնադրամի բարեգործության արգելքի խախտման վերաբերյալ «Անկախ դիտորդ» կազմակերպության հաղորդումները։
Ապրիլին «Անկախ դիտորդ» դաշինքը հայտնել էր, որ նախընտրական շրջանում բարեգործական արգելքի խախտման հայցով դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջը՝ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանին պատասխանատվության ենթարկել 15 դրվագով։ Ըստ հայցի՝ Հակոբյանի հիմնադրամը, որն ասոցացվում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակացության հետ, մի շարք միջացառումների կազմակերպումն է ֆինանսավորել։ Դա, ըստ կազմակերպության, առնվազն վարչական իրավախախտում է։
«Իմ քայլը» հիմնադրամում հանցագործությունների հատկանիշներով ոչինչ չենք հայտնաբերել, չկա որևէ իրավական հիմք, որպեսզի նախաձեռնվի քրեական վարույթ, ԱԺ-ում լրագրողներին ասել է Նահապետյանը։
Նրա խոսքով, եթե անգամ հիմնադրամն ասոցացվում է վարչապետի հետ, ապա դա իրենից ենթադրում է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված զանցանք և չի գտնվում Հակակոռուպցիոն կոմիտեի իրավասության տիրույթում։
Ի պատասխան «Անկախ դիտորդի» դիմումի՝ Հակոբյանն ապրիլի 27-ին հայտարարել էր, որ դիտարկում է «Անկախ դիտորդ» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին հաղորդում ներկայացնելու հնարավորությունը, ինչպես նաև կազմակերպության դեմ հայցադիմում ներկայացնելը՝ հիմնադրամի գործարար համբավին հասցված վնասի փոխհատուցման պահանջով։
Վարչական դատարանը մայիսի 12-ին վերադարձրել էր Հակոբյանի գլխավորած հիմնադրամի դեմ հայցը՝ այն փոփոխելու և նորից ներկայացնելու ցուցումով։
Իոաննիսյանը մայիսի 29-ին հայտարարել էր, որ նախընտրական շրջանում բարեգործության արգելքի ենթադրյալ խախտումների հետ կապված «Իմ քայլի» դեմ փոփոխված հայցադիմումը պատրաստվում են ներկայացնել դատարան։



































