ԱԺ-ն առաջարկում է քրեականացնել բուժաշխատողներին բռնության ենթարկելն ու վիրավորելը։ Նախագիծն առաջարկել են պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը և Վլադիմիր Վարդանյանը։
Հակոբյանը նախագիծը ներկայացնելիս ընդգծել է, որ հիմք են հանդիսացել բազմաթիվ այն դեպքերը, երբ հիվանդների կամ նրանց ընտանիքի անդամների կողմից բուժաշխատողները ենթարկվել են բռնության, ծեծի, վիրավորանքի։
Նրա խոսքով՝ Ներքին գործերի նախարարության վիճակագրության վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023-2025 թվականների ընթացքում բուժաշխատողների բռնության ենթարկվելու 27 դեպք է արձանագրվել։
«Սրանք միայն արձանագրված բռնության դեպքերն են։ Մի քանի տասնյակ հարյուր անգամ ավելի են այն դեպքերը, երբ խոչընդոտվում է նրանց մասնագիտական աշխատանքը կամ սպառնալիքներ են հնչում։ Հաշվի առնելով այս ցավալի վիճակագրությունը՝ առաջարկում ենք խնդիրը լուծել քրեական պատասխանատվության սպառնալիք նախատեսելով»,- ասել է Հակոբյանը։
Պատգամավորը հավելել է, որ նախագիծը որոշակի փոփոխության է ենթարկվել, լավարկվել է։ Առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 187․1 հոդվածով, որով բուժաշխատողի մասնագիտական, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտելը, որը պացիենտի կյանքի կամ առողջության համար իրական վտանգ է ստեղծել, պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով։
Բուժաշխատողի մասնագիտական, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ բռնություն գործադրելով, պատժվում է տուգանքով կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով։
Ըստ պատգամավորի՝ բուժաշխատողի մասնագիտական, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեության ցանկացած եղանակով խոչընդոտելը, որի արդյունքում պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ պացիենտին անզգուշությամբ առաջացրել է մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով։
Մանրամասները՝ տեսանյութում։





































