Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդմանն անդրադարձել է Իրանի շուրջ սկսված լայնածավալ պատերազմին, դրանից բխող գլոբալ հետևանքներին, Հայաստանի համար հնարավոր ռիսկերին և հայաստանյան ներքաղաքական գործընթացներին։
Նրա խոսքով՝ պատերազմը կանխատեսելի էր։
«Վենեսուելայից հետո ակնհայտ էր, որ հաջորդ թիրախը լինելու է Իրանը: Եթե կարողանան լուծել Իրանի հարցը, կդրվի Ռուսաստանի հարցը․ Ռուսաստանին կփորձեն այս կամ այն ձևով ճնշել կամ կփորձեն ճնշման ճանապարհով դարձնել իրենց դաշնակիցն ընդդեմ Չինաստանի»,- նշել է վերլուծաբանը։
Կիվիրյանն ընդգծել է, որ ամերիկյան տեխնիկայի կուտակումը վկայում էր, որ բանակցությունները կրում են իմիտացիոն բնույթ․ սպասվում էր ոչ միայն հարված, այլև Իրանն իրենց վերահսկողության տակ վերցնելու փորձ՝ իշխանության բերելով այնպիսի անձանց, ովքեր կհամաձայնեն կատարել իրենց բոլոր պայմանները։
Վերլուծաբանի գնահատմամբ՝ Իրանը ներկայումս բնաջնջում է տարածաշրջանում ամերիկյան բոլոր ենթակառուցվածքները։ Նրա խոսքով՝ քաոսի, առավելագույն վնասի միջոցով Իրանը փորձում է ստիպել բոլորին հեռու մնալ իրենից։
Նա ընդգծել է, որ Թեհրանը հարվածում է մոտ 15 պետության տարածքների և բազաների, իսկ այս պատերազմը գլոբալ առումով փոխում է ոչ միայն տարածաշրջանը, այլ, ընդհանրապես, համաշխարհային խաղի կանոնները։
Կիվիրյանն զգուշացրել է, որ եթե Իրանը ներսում փլուզվի, Հայաստանը կարող է բախվել անվտանգային լուրջ սպառնալիքների։
«Ի վերջո, պատերազմը մեր իսկ սահմանների մոտ է, Իրանի փլուզման՝ այդ վատագույն սցենարի պարագայում մենք կարող ենք մեր հարևանությամբ ստանալ նոր Սիրիա, նոր Իրաք: Իսկ մենք տեսանք՝ կիսափլուզված Սիրիան և Իրաքն ինչպես անդրադարձան իրենց իրադարձություններով Հայաստանի և Արցախի վրա: Մենք չենք մոռանում, որ Սիրիայից և Իրաքից ինչ թվով վարձկաններ էին բերվում Արցախի դեմ պատերազմելու»,- ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանը «չի կարող փոխել իր աշխարհագրությունը» և պետք է «չվտանգի իր տեղը տարածաշրջանում»։
Անդրադառնալով պաշտոնական Երևանի վարքագծին՝ վերլուծաբանը նշել է, որ Հայաստանը պետք է պահի «երկարաժամկետ չեզոքություն բոլոր առումներով» և ապահովի, որ «Իրանը որևէ պարագայում չզգա, թե Հայաստանի տարածքը կարող է լինել իր համար վտանգավոր»։
Ներքաղաքական դաշտի վերաբերյալ Կիվիրյանը պնդել է, որ իշխանությունն ամիսներ շարունակ ինտենսիվ գործընթացի մեջ է բոլոր ռեսուրսներով, իսկ նպատակը վերարտադրվելն է։
Ընդդիմության վերաբերյալ վերլուծաբանը նշել է, որ եթե շարունակեն այնպես, ինչպես հիմա է, Ազգային ժողով կանցնեն, բայց չեն հաղթի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Հասկանում եք, 30 տարի Հայաստանում քաղաքացու ձայնն ընդհանրապես որոշիչ չէր: Հասարակության որոշիչ ձայնին սպասելու համար քաղաքական ուժերը պետք է տարիներ շարունակ Հայաստանի քաղաքացուց կերտեին իրական քաղաքացի»,- հավելել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։




































