«Տաշիր» խմբի փոխնախագահ, ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ պատրաստվում են երկրորդ անգամ դիմել էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնելու առաջարկով։
Նա այդ մասին տեղեկացրել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ հոկտեմբերի 29-ի հայտարարությունից հետո, ուր նշել էին, որ ՀԷՑ-ի՝ սակագինն իջեցնելու հունիսի 6-ի առաջարկը մերժել են, քանի որ ցանկացել են սակագինը վերանայել տարեվերջին: Հոկտեմբերի 28-ին Կարապետյանը հայտարարել էր, որ ՀԾԿՀ-ն մերժել է առաջարկը՝ հաշվի չառնելով խնայողությունների արդյունքում առաջացած 3,6 մլրդ դրամ դրական հաշվեկշիռը, ինչը կարող էր հիմք լինել սակագնի իջեցման համար։
«Հարգելի՛ հայրենակիցներ, վաղը մենք մեկ անգամ ևս կդիմենք ՀԾԿ հանձնաժողով` կցելով նրանց այսօրվա հայտարարությունը, կպահանջենք կատարել մեր գրավոր առաջարկը և իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը՝ ինչպես իրենք են նշել վերը մեջբերված հայտարարության մեջ։ Իջեցրո՛ւ սակագինը, պարոն Մեսրոպյան (ՀԾԿՀ նախագահ-խմբ․)»,- հավելել է Կարապետյանը։
Հունիսին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանքից հետո իշխանությունը նախաձեռնեց ՀԷՑ-ը պետության վերահսկողության տակ վերցնելու գործընթաց։
Հուլիսին ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը չէր բացառել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը։ Հուլիսի 18-ին ՊՎԾ նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել էր ՀԷՑ ընկերության ժամանակավոր կառավարիչ, և նրա նախաձեռնությամբ չեղարկվել էր ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով գնման 4 գործընթաց։
Հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրաժը պարտավորեցրել էր ՀՀ-ին ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։ Կառավարությունն արձագանքել էր՝ նշելով, որ թեպետ հարգանքով են վերաբերում օտարերկրյա արբիտրաժների որոշումներին, բայց բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով։



























