Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Հայաստանի որոշումը տարածաշրջանում ապաշրջափակման Միացյալ Նահանգների առաջարկը ընտրելու վերաբերյալ:
Նա շեշտել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն առաջարկել են բոլոր գործընկերներին, այդ թվում՝ Ռուսաստանին, սակայն ԱՄՆ-ն է ցուցաբերել մեծագույն հետաքրքրվածություն:
«Մենք այս տարի նախագահ Թրամփի վարչակազմի գործունեության մեկնարկից զգացինք ակտիվ հետարքրություն «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նկատմամբ, և այդ ծրագրում ներդրումներ իրականացնելու ամերիկյան հետաքրքրությունը ակնհայտորեն տարբերվում էր։ Այս ամբողջ պրոցեսը կառուցվել է հենց «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ներդրումներ իրականացնելու ամերիկյան հետաքրքրության նկատմամբ», – ասել է նա:
Փաշինյանի խոսքով՝ ընտրությունը կանգ է առել ԱՄՆ-ի վրա այն պատճառով, քանի որ Վաշինգտոնը շատ ակտիվ էր՝ նախագահ Թրամփն անձամբ էր ներգրավված էր, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ն ակտիվ և կենդանի ըմբռնում է տեսել խնդրի շրջանակներում Երևանի արձանագրած սկզբունքների նկատմամբ:
«Խոսքը տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքի մասին է»,- ասել է վարչապետը։
Նա հավելել է, որ այս նախագծով ՀՀ-ն ՌԴ-ի, ինչպես նաև Իրանի հետ երկաթուղային կապ է ստանում, որը 30 տարի չկար, ինչը նա կարևորել է:
Փաշինյանի ներկայացմամբ՝ այս նախագիծը պոզիտիվ հնարավարություն է նաև ՌԴ-ի և Իրանի համար: Նա չի համաձայնել այն մտավախությունների հետ, որ ԱՄՆ-ի ներկայությունը կարող է բացասաբար ազդել տարածաշրջանում Իրանի և Ռուսաստանի շահերի վրա:
«Կա մի տեսություն, որ իրադարձությունների նման զարգացումը խնդիր է ՌԴ-ի և Իրանի շահերի համար, բայց եկեք այլ տեսանկյունից նայենք` դա կարող է լավ հնարավորություն դառնալ ԱՄՆ-Ռուսաստան տնտեսական փոխգործակցության համար»,– ասել է վարչապետը:
Նրա խոսքով՝ այս պահին գոյություն ունեն միայն այն փաստաթղթերը, որոնք ստորագրված են։ Այլ փաստաթուղթ, պայմանավորվածություն գոյություն չունի։
«Հետագայում ինչպիսին էլ լինեն լուծումները, որոնց շուրջ, իհարկե, կլինեն խոսակցություններ, դրանք պետք է տեղավորվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքների շրջանակում, և փոխադարձությունը պետք է աշխատի»,– նշել է նա՝ չբացառելով, որ ներդրումային ընկերությունները կարող են ունենալ պահնորդական ծառայություններ։
Դա որևէ կերպ չի սահմանափակում Հայաստանի ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, դատաիրավական համակարգի լիազորություններն ու գործունեությունը, վստահեցրել է Փաշինյանը:
«Որոշակի տարբերություններ կան, որովհետև մենք ուզում ենք ներգրավել օտարերկրյա ներդրողներ: Ադրբեջանը գուցե նաև այն պատճառով, որ ֆինանսական էական սահմանափակումներ չունի, հետաքրքրված չէ դրանով», - ասել է ՀՀ ղեկավարը:
Նա հավելել է, որ եթե Հայաստանի և Ադրբեջանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ օգտվեն միմյանց տրանսպորտային ենթակառուցվածքներից, սկսվի այդ թվում՝ նաև երկկողմ առևտուրը, դա կլինի անվտանգության, խաղաղության և կայունության ամենահուսալի երաշխիքներից մեկը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ալիևը ԱՄՆ նախագահի Թրամփի միջնորդությամբ օգոստոսի 9-ին Վաշինգտոնում ստորագրեցին խաղաղությանը ձգտելու մասին (Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ) հռչակագիրը` տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին, որով կողմերը համաձայնեցին ապաշրջափակել Հայաստանի Սյունիքի մարզով անցնող ճանապարհը «Թրամփի երթուղի հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (TRIPP) ծրագրի շրջանակում։
Դրանից զատ, Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը:



































