ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ Պապիկյանն ընդգծել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի՝ դիվանագիտական ճանապարհով լուծման անհրաժեշտությունը:
«Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծել ենք Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների շարունակական զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման կարևորությունն ու անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կողմերը քննարկել են նաև Հայաստան-Իրան համագործակցությանը, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
ՀՀ պաշտպանության նախարարն Իրան է մեկնել փետրվարի 24-ին։ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Պապիկյանն Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեի հետ քննարկել էր փոխգործակցությանը, տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։
Այսօր ավելի վաղ ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամը չէր բացառել, որ առաջիկայում Հայաստանի և Իրանի միջև կարող են զորավարժություններ անցկացվել։






































