Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել «Գալավինո» թաղամասի մոտակա սարում և Նավուր բնակավայրի «Սռտնի» կոչվող հանդամասում բռնկված հրդեհների վերաբերյալ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 8 օպերատիվ խումբ և 2 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դիլիջան համայնքի «Կազաչի» կոչվող հանդամասում, որտեղ հրդեհաշիջում է իրականացնում 234 փրկարարական ծառայող․ աշխատանքներին ներգրավվել է նաև Էկոպարեկային ծառայության 28 աշխատակից։
Նավուր բնակավայրի «Սռտնի» կոչվող հանդամասում հրդեհաշիջում են իրականացնում 62 փրկարարական ծառայող․ աշխատանքներին ներգրավվել են նաև Էկոպարեկային ծառայության 40 աշխատակից և գյուղի 53 բնակիչ։ Գերատեսչությունը հրդեհի վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնում․ նշվում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Հիշեցնենք, որ խոշոր հրդեհ էր բռնվել նաև Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածում։ Նոյեմբերի 23-ին կրակը տարածվել էր «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գետիկի անտառպետության 1-ին, 2-րդ և 4-րդ պահաբաժիններում՝ այրելով խոտածածկ և ծառեր։





































