Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհը նոյեմբերի 23-ին տարածվել է «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գետիկի անտառպետության 1-ին, 2-րդ և 4-րդ պահաբաժիններում՝ այրելով խոտածածկ և ծառեր, հայտնում է ՇՄՆ-ն:
Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են ՆԳՆ փրկարար ծառայության մեծ թվով մարտական հաշվարկներ և ուղղաթիռ, ինչպես նաև ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները։
Տեղանքի բարդ ռելիեֆի պատճառով շատ հատվածներում կրակի մարման աշխատանքներն իրականացվել են անհատական միջոցներով, որոշ տեղերում հաջողվել է կասեցնել կրակի տարածումը, սակայն չոր ու քամոտ եղանակի պատճառով վերջնականապես չի հաջողվել հրդեհը մարել, հավելել է գերատեսչությունը:
Նախնական տվյալներով՝ այրվել է Գետիկի անտառպետության 1-ին, 2-րդ և 4-րդ պահաբաժինների մի մասը, հրդեհը շարունակվում է Դպրաբակի անտառպետության 6-րդ պահաբաժնի ուղղությամբ: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհը բռնկվել էր նոյեմբերի 21-ին:





































