Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N ջոկատում բացվել են «Կոռնիձոր», «Խնձորեսկ» և «Հարթաշեն» նոր սահմանապահ ուղեկալները, հայտնել են ԱԱԾ-ից։
Նշվում է, որ պետական սահմանի պահպանությունն ԱԱԾ գործունեության հիմնական ուղղություններից է։ Ըստ հաղորդագրության՝ նոր ուղեկալները կառուցվել են կառավարության կողմից հատկացված միջոցներով՝ ժամանակակից պահանջներին համապատասխան։
ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը ողջունել է սահմանապահ զորքերի զինծառայողներին, շնորհավորել նոր ուղեկալների բացման կապակցությամբ։ Այնուհետ նա շրջայց է կատարել նորակառույց ուղեկալներում, ծանոթացել զինծառայողների կենցաղային և ծառայողական պայմաններին, ինչպես նաև սպառազինությանն ու նյութատեխնիկական ապահովվածությանը։






































