ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը «ֆեյք» է անվանել ՀՀ կառավարության կողմից երկրում մզկիթներ կառուցելու ծրագրերի մասին թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը։
«OdaTV կայքը կրկին շրջանառության մեջ է դրել կեղծ տեղեկատվություն, իսկ մի շարք հայաստանյան ԶԼՄ-ներ՝ առանց նվազագույն ստուգման կամ աղբյուրների ճշգրտման, շտապել են արտատպել այս ֆեյքը՝ անկախ մտադրությունից ակամա դառնալով ապատեղեկատվության շղթայի մասնակից»,- հայտարարել է խոսնակը։
Նա սա որակել է որպես «հին սցենար», որի դեպքում արտաքին աղբյուրներն ստեղծում են սուտ և սադրիչ տեղեկատվություն, և «որոշ ներքին դերակատարներ անմիջապես տարածում են այն»։ Բաղդասարյանը հայտարարել է, որ ընտրարշավի մոտենալուն զուգընթաց՝ «է՛լ ավելի թեժանալու են Հայաստանի պետականության, պետական ինստիտուտների և հանրային պաշտոնյաների դեմ ուղղված ապատեղեկատվական հարձակումները»։
Ավելի վաղ թուրքական OdaTV կայքը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ Փաշինյանը, իբր, նախաձեռնել է երկրում 10 մզկիթի կառուցում։ Նշվում էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից աջակցվող նախաձեռնության շրջանակներում հայ-թուրքական սահմանի հարակից տարածքներում կկառուցվի հինգ մզկիթ, իսկ մնացած հինգը՝ Հայաստանի խոշոր քաղաքներում։




































