Հայ դպրոցականները բրոնզե մեդալ են նվաճել «Ֆիզմաթ» արհեստական բանականության երկրորդ միջազգային օլիմպիադայում (FAIO 2025), որը տեղի է ունեցել Ալմաթիում՝ հոկտեմբերի 30-31-ը, հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Օլիմպիադայում Հայաստանը ներկայացրել է Գյումրու «Ֆոտոն» վարժարանի չորս թիմ։ Բրոնզե մեդալին արժանացել է վարժարանի 1-ին թիմը՝ 11-րդ դասարանի աշակերտներ Արտյոմ Հովհաննիսյանի, Լիլիթ Հակոբյան և Արամ Մինասյանի մասնակցությամբ: Նրանք կատարել են տեսական և գործնական առաջադրանքները: Մասնակիցներին տրված առաջադրանքները նպատակ ունեին արտացոլելու իրական աշխարհի խնդիրները և պահանջում էին մեքենայական ու խորը ուսուցման բարձր մակարդակի գիտելիքներ:
«Ֆոտոն» վարժարանի երկրորդ թիմում ընդգրկվել էին 10-րդ դասարանի աշակերտներ Գուրգեն Բայբուրդյանը, Մկրտիչ Գաբրիելյանը, Արամ Մեծոյանը, երրորդ թիմում՝ 10-րդ դասարանի աշակերտներ Սամվել Սահակյանը, Կարեն Մարտիրոսյանը և Արծրուն Մարտիրոսյանը, իսկ 4-րդ թիմում՝ դարձյալ 10-րդ դասարանի աշակերտներ Սիլվա Խաչատրյանը և Նարեկ Պետրոսյանը:
Օլիմպիադային մասնակցել է 7 երկիր ներկայացնող 47 թիմի 124 աշակերտ։






































