Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմը համակարգել և ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան» արշավի միջազգային տարածումը, հայտնում է OC Media-ն՝ հղում անելով համացանցում հայտնված փաստաթղթերին։
Նշվում է, որ չնայած արշավը մարդասիրական է համարվում, սակայն հայկական տարածքի նկատմամբ հնարավոր պահանջների հիմք է դնում։
OC Media-ի կողմից ձեռք բերված Ադրբեջանի կառավարության արտահոսած փաստաթղթերը ցույց են տալիս, որ այս նարատիվը սերտորեն համակարգում և աջակցում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, թեև այն ղեկավարվում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» համայնքի կողմից։
Ըստ փաստաթղթերի՝ Ալիևի աշխատակազմն անմիջականորեն ֆինանսավորել և վերահսկել է քարոզարշավը՝ կազմակերպելով համաժողովներ, վարձելով հաղորդակցության խորհրդատուներ և պատրաստելով հաղորդագրությունների նյութեր։
Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Բաքվի կողմից «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի օգտագործումը ոտնձգություն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ: Հունվարին այս մասին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ հունիսին Հայաստանի ԱԳՆ-ն ընդգծել էր, որ «Արևմտյան Ադրբեջան» տերմինը նշանակում է Բաքվի տարածքային նկրտումներ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ:
Բաքվից վերջին տարիներին բազմիցս հայտարարել են Հայաստան «ադրբեջանցիների վերադարձի» անհրաժեշտության մասին, իսկ 2024 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի խորհրդարանում ստեղծվել էր «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» խումբ։ Նոյեմբերի 3-ին Ալիևը հայտարարել էր, որ հայերը չպետք է վախենան ադրբեջանցիների՝ Հայաստան տեղափոխվելուց։






































