Ծափաթաղի 3-ամյա բնակիչ Տիգրան Օվանեսովի մահվան նախնական վարկածն սպանությունն է՝ երեխայի հոր կողմից, Ազգային ժողովում լրագրողներին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Նախնական տվյալով՝ երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Այս վարկածը, ի թիվս այլնի, առաջին իսկ օրվանից մեր ուսումնասիրության շրջանակում էր»,- հայտարարել է նախարարը։
Սարգսյանը մանրամասնել է, որ նախնական տվյալներով՝ երեխան եղբոր հետ դուրս էր եկել տնից, հետո նրանք հորն էին հանդիպել, և վերջինս սպանել էր երեխային։
«Երեխայի հայրը նշել է, որ դեպքը վրա է հասել ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում»,- ընդգծել է նախարարը։
Սարգսյանի խոսքով՝ երեխայի հայրն ասել է, որ փոքրիկի մարմինը տարածքից տարածք է տեղափոխել։
«Երբ դեպքը տեղի էր ունեցել, ամբողջ հարակից հատվածով սկսել էինք որոնողափրկարարական աշխատանքներ, իրականացվել է տարածքի «սանրում»։ Եվ յուրաքանչյուր հաջորդ տարածքի անցնելու պայմաններում, ըստ երեխայի հոր նախնական ցուցմունքի, երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել տարածքներից»,- ասել է նախարարը:
Անդրադառնալով երեխայի հոր մոտ հոգեկան խնդիրների առկայության մասին հարցին՝ Սարգսյանը տեղեկացրել է, որ նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ նրա առողջական վիճակի մասով։ Նա նշել է նաև, որ ընտանիքում բնակվող մյուս երեխաների մասին որոշումներ կկայացնեն տարածքային սոցիալական ծառայության հետ միասին:
Երեքամյա Տիգրանը կորել էր հոկտեմբերի 27-ին։ Քննչական կոմիտեն նրա անհետացման դեպքի առնչությամբ քրեական վարույթ էր նախաձեռնել։ Նոյեմբերի 2-ին ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն Armenia Today-ին հայտնել էր, որ երեխայի մարմինը հայտնաբերվել է Ծափաթաղի հարակից դաշտամիջյան հատվածում։





































