Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումն ընդամենը ժամանակի հարց են, Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում «Առաջնորդության խաչմերուկներում» խորագրով քննարկմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա չկա որևէ էական խոչընդոտ սահմանի բացման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար»,- ասել է նա:
Փաշինյանը, սակայն, չի նշել, թե երբ դա տեղի կունենա՝ ասելով, որ դա այլ հարց է:
«Կարծում եմ՝ հասնում ենք հանգրվանի, որում կունենանք լիարժեք դիվանագիտական հարաբերություններ և բաց սահմաններ, տնտեսական, քաղաքական համագործակցություն և կլինենք նորմալ հարևաններ։ Հավատում եմ, որ այդ պահը մոտենում է»,- շեշտել է վարչապետը:
Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ երկու երկրների սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրներն արդեն ավելի քան 3 տարի փորձում են կարգավորել հարաբերությունները:
Փաշինյանը հոկտեմբերի 22-ին հայտնել էր, որ Հայաստանը հենց այսօրվանից պատրաստ է իր տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և հակառակ ուղղությամբ:
Վարչապետը խոսել է նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին՝ շեշտելով, որ երկու երկրների միջև արդեն ձևավորված է խաղաղություն:
«Տարածաշրջանային կապվածությունը նշանակում է, որ հնարավորություն կունենանք, նկատի ունեմ՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, օգտվել մեկս մյուսի տարածքից ներքին, երկկողմ և միջազգային կապի համար, և դա նշանակում է, որ մեր տարածքի միջով կբացվի նոր ուղի միջազգային տրանզիտի համար։ Հաշվի առնելով այն, որ այժմ աշխարհն ապրում է մատակարարման շղթայի ճգնաժամ, դա իսկապես կարող է իրավիճակ փոխող հանգամանք լինել միջազգային առևտրի, բայց նաև մեր տարածաշրջանի համար»,- շեշտել է Փաշինյանը:
Նա հավելել է, որ կլինեն բաց հաղորդուղիներ Պարսից ծոցից, Օմանի ծոցից դեպի Սև ծով, կլինի նոր կապ Կասպից ծովի և Միջերկրական ծովի միջև, Հայաստանի համար կստեղծվեն նոր հնարավորություններ։






































