Կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականները պետք է եկեղեցուց հեռանան, երկխոսություն չի կարող լինել, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի միջև հնարավոր երկխոսության մասին հարցին:
«Կուսակրոնության ուխտը խախտած որևէ հոգևորական չպետք է շարունակի իր ծառայությունը, և մենք՝ որպես հավատավոր ժողովուրդ, չպետք է հաշտ լինենք դրա հետ։ Եթե երկխոսություն, ապա միայն հեռացման մասին։ Ամեն դեպքում՝ քաղաքականության մեջ և կյանքում, առհասարակ, ոչինչ բացառել չի կարելի»,- հայտարարել է նա։
Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանի իշխանության և եկեղեցու միջև հակասություններ չկան, կան խնդիրներ Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ։ Մասնավորապես, իշխանությունները խնդիրներ ունեն այն հոգևորականների հետ, որոնք «խախտել են Աստծուն տված ուխտը՝ իրենց վարքագծով նսեմացնելով ամեն հնարավոր արժեք»։
«Վարչապետը շատ մանրամասն խոսել է գործողությունների, ձևի հաջորդականության մասին, թե ինչպես պետք է հոգևոր իշխանությունը վերադարձնենք ժողովրդին, և դա տեղի է ունենալու եղբայրական մթնոլորտում։ Փաշինյանը, ըստ էության, առաջնորդելու է այս շարժումը․ նա խորհրդակցություններ է կազմակերպում։ Հորդորում եմ չվերնագրել գործընթացը որպես իշխանություն-եկեղեցի կամ պետություն-եկեղեցի հակասություն, որովհետև այդպիսի հակասություններ ուղղակիորեն չկան»,- նշել է նա։
Հովհաննիսյանն անդրադարձել է նաև համացանցում տարածված տեսանյութին, որը վերագրվում է Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին՝ շեշտելով, որ դատապարտելի է մարդու անձնական կյանք նման ձևով ներխուժելը։
Մայիսի 29-ից սկսած Փաշինյանը սոցիալական ցանցերում մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով՝ կասկածի տակ դնելով նրա՝ կուսակրոնության ուխտի պահպանումը։
Փաշինյանը հոկտեմբերի 22-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանին մեղադրանքների նոր ալիք էր բարձրացրել Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարության հասցեին։ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդգծել էր, որ եկեղեցին անսասան է իր առաքելության մեջ՝ չնայած իշխանությունների հակաեկեղեցական գործողություններին:
Հոգևորականների ձերբակալությունների երկրորդ ալիքն սկսվել էր Հովհաննավանքի արդեն նախկին քահանա Ասատրյանի՝ եկեղեցու ներսում առկա խնդիրների, այնուհետ «ընդդիմության 2021-ի ցույցերին ստիպողաբար մասնակցելու» հայտարարությունից հետո, որի վերաբերյալ քրեական վարույթ էր նախաձեռնվել։
Արագածոտնի թեմը քահանային կարգապահական նկատողություն էր հայտարարել, սեպտեմբերի 17-ին՝ կեղծ որակել նրա հնչեցրած հայտարարությունները։ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է կանգնել Ասատրյանի և եկեղեցու խնդիրները վեր հանող հոգևորականների թիկունքին։
Հոկտեմբերի 15-ին Ասատրյանի՝ «ցույցերին ստիպողաբար մասնակցելու» հայտարարության քրվարույթի շրջանակում Արագածոտնի թեմի առաջնորդարանում և հոգևորականների տան խուզարկություններից հետո բերման էր ենթարկվել 12 հոգևորական։ Կալանավորվել էր թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Գարեգին քահանա Արսենյանը, թեմի հաշվապահի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։



































