Իշխանությունը զոհաբերում է պետական անվտանգությունը հանուն սեփական իշխանության երկարաձգման, նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Ֆեյսբուքյան գրառմամբ Աբրահամյանը մեկնաբանել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը կրճատելու իշխանությունների որոշումը:
Ընդդիմադիր քաղաքական գործչի համոզմամբ՝ ՀՀ զինված ուժերը ոչ թե կրճատելու, այլ համալրելու խնդիր ունեն` ոչ թե պատերազմ սկսելու, այլ երկրի պաշտպանությունն ապահովելու համար: Նրա խոսքով՝ եթե նույնիսկ համոզվածություն լինի, որ առաջիկա 5 տարում պատերազմ չի լինելու, պարտադիր ժամկետային ծառայության կրճատումը վնասելու է երկրի պաշտպանողականությանը:
«Այս որակի և տեսակի իշխանությունը, որն ազգային շահերը մեկ անգամ չէ, որ սակարկման է հանել, շարունակում է իր քաղաքական գիծը` ստորադասելով երկրի առաջնահերթությունները»,- շեշտել է Աբրահամյանը:
Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից 2 տարվա փոխարեն կդառնա 1,5 տարի, այս որոշման մասին հոկտեմբերի 21-ին տեղեկացրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարի ու պատգամավորների հետ քննարկումներից հետո:






































