Դուշանբեում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են խաղաղության շուրջ գործընթացը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը շատ ջերմ զրույց են ունեցել և քննարկել են, թե ինչպես առաջ շարժվել խաղաղության և անվտանգության ճանապարհով»,- ասել է Լեբեդևը։
Այսօր ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ TRIPP («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղի»-խմբ.) նախագիծն արտահանման և ներմուծման տեսանկյունից նոր հնարավորություններ է բացում նաև ԱՊՀ երկրների համար։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP տրանսպորտային երթուղի: Կողմերը նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծը, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր:






































