Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը տոնել է տեղական ընտրություններում իր հաղթանակը, հայտնում է Грузия online-ը։
«Հաղթանակն իսկապես տպավորիչ է, շնորհավորում եմ։ Վրացական հասարակությունը հասել է հաջողության. մենք վերջապես ուղղվել ենք։ Սա այն է, ինչին արժանի են մեր պատմությունը, մեր գեները»,- ասել է «Վրացական երազանքի» միլիարդատեր հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Թբիլիսիում ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել ՏԻՄ ընտրություններից հետո բողոքի ակցիա իրականացնող ցուցարարների նկատմամբ։
Ըստ Sputnik Грузия-ի՝ ցուցարարները փորձել են ներխուժել նախագահի վարչակազմի շենք և շենքի մոտ բարիկադներ են կառուցել: Այնուհետև հատուկ նշանակության ոստիկանական ուժերը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են օգտագործել՝ ցուցարարներին նախագահական նստավայրից և Օրբելիանիի հրապարակից հեռացնելու համար:
Ցուցարարների և ոստիկանության միջև բախումների ժամանակ ձերբակալություններ են տեղի ունեցել: Նախագահական նստավայրի մոտ բախումներից առաջ ընդդիմության հանրահավաքի մասնակիցները հավաքվել էին Թբիլիսիի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակում: Հանրահավաքը կազմակերպել էին ութ ընդդիմադիր ուժեր, որոնք նախկինում հրաժարվել էին մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:
Ըստ Новости-Грузия-ի՝ ցուցարարները նախագահական նստավայր են շարժվել հանրահավաքի կազմակերպիչներից մեկի՝ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավար, նախկին գլխավոր դատախազ Մուրթազա Զոդելավայի կոչից հետո: Հանրահավաքի մեկ այլ կազմակերպիչ՝ Պաատա Բուրչուլաձեն, Վրաստանի ներկայիս կառավարությանն անվանել է «անօրինական» և կոչ է արել «իշխանության խաղաղ փոխանցում» կատարել:
Հոկտեմբերի 4-ի երեկոյան Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է երկրի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները: Մասնավորապես, տեղամասերի 55,4%-ից ստացված ձայների հաշվարկից հետո իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քաղաքային խորհրդի ընտրություններում ստացել է ձայների 80,27%-ը: Քաղաքային ընտրություններին մասնակցության վերջնական ցուցանիշը կազմել է 40,93%:






































