Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Երևանում 2026 թվականի մայիսի 4-ին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Կոպենհագենում կայացած ԵՔՀ գագաթնաժողովում։
«Թույլ տվեք շնորհավորել Դանիային Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովը գերազանց մակարդակով կազմակերպման համար: Այսօր մենք քննարկեցինք մեր բոլոր պետությունների քաղաքական, անվտանգության և տնտեսական օրակարգն առաջ մղող հրատապ հարցեր: Հիմնվելով ԵՔՀ բոլոր գագաթնաժողովների հաջողության վրա՝ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել հաջորդ՝ 8-րդ գագաթնաժողովը Երևանում»,- ասել է նա:
Փաշինյանի խոսքով՝ գագաթնաժողովը Հայաստանում հյուրընկալելը կամրապնդի ինտեգրումը եվրոպական ընտանիքին և հնարավորություն կտա ցուցադրել ՀՀ-ի առաջընթացը ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում: Նա նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար Եվրոպայի հետ ավելի սերտ կապը ռազմավարական նշանակություն ունի։
Փաշինյանը հավելել է, որ ԵՔՀ Երևանի գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը կլինի կապակցվածությունը։
«Միջին միջանցքի իրականացումը և Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև ապրանքների, էներգիայի, օպտիկամանրաթելային մալուխների անխոչընդոտ կապը ներկայացնում են փոխադարձ հետաքրքրություն»,- ասել է նա։
Ըստ նրա՝ կարևոր է ամրապնդել Եվրոպայի կարողությունը՝ պայքարելու հիբրիդային սպառնալիքների դեմ և, միևնույն ժամանակ, պահպանելու ժողովրդավարական կառավարման ամբողջականությունը, օրենքի գերակայությունը, ազատ և արդար ընտրությունները և քաղաքական բազմակարծությունը, նույնիսկ ներքին կամ արտաքին ճնշումների պայմաններում։
2025 թվականի մայիսի 23-ին Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար պաշտպանել են EPC անցկացման համար միմյանց թեկնածությունները։ Փաշինյանը 2022-ին Պրահայում` հենց այս գագաթնաժողովի շրջանակներում էր Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում:






































