ԱՄՆ-ում պաշտոնապես սկսվել է շաթդաուն՝ ֆեդերալ կառավարությունը կասեցրել է իր գործունեությունը, երբ Սենատը չի կարողացել ընդունել նոր ֆինանսական տարվա բյուջեն, հաղորդում է CNN-ը:
Հանրապետականների և դեմոկրատների կուսակցական տարաձայնությունները խանգարել են Կոնգրեսին և Սպիտակ տանը համաձայնության գալ ֆինանսավորման շուրջ: Սենատին չի հաջողվել ընդունել կառավարության ֆինանսավորման երկու օրինագծերից որևէ մեկը:
Այս ընթացքում պետական հաստատություններին արգելվել է ծախսել միջոցներ, պետական աշխատակիցների մեծ մասին ուղարկում են վճարովի արձակուրդների, իսկ այն անձինք, որոնց գործունեությունը համարվում է կենսական նշանակության (բժիշկներ, սահմանապահներ, զինվորականներ, տրանսպորտի աշխատողներ և այլք), կաշխատեն առանց աշխատավարձի։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացրել է, որ բյուջեի չհաստատմամբ պայմանավորված՝ Ֆեյսբուքի էջում նոր հրապարակումներ չեն լինի մինչև գործունեության լիարժեք վերսկսումը։ Բացառություն կկազմեն անվտանգության և ապահովության հետ կապված անհետաձգելի հրապարակումները։
«Չհաստատված բյուջեի պայմաններում ԱՄՆ-ում և ԱՄՆ դեսպանություններում ու հյուպատոսարաններում կշարունակվեն արդեն նշանակված անձնագրային և վիզաների ծառայությունները, քանի դեռ իրավիճակը թույլ կտա»,- ասված է դեսպանության ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։
Ժամանակակից պատմության ընթացքում շաթդաուններ տեղի են ունեցել 21 անգամ, երբևէ ամենաերկարատևը համընկել է գործող նախագահ Դոնալդ Թրամփի առաջին նախագահության հետ և տևել է 35 օր՝ 2018թ. դեկտեմբերի 22-ից մինչև 2019թ. հունվարի 25-ը։






































