Մերձավանում տեղի ունեցած սպանության կասկածանքով ձերբակալվել և նախաքննական մարմին է ներկայացվել մեկ անձ, հայտնել է Քննչական կոմիտեն։
Ըստ հայտարարության՝ ձերբակալվածին պատկանող շինությունում հայտնաբերվել են դեպքին նրա առնչությունը հաստատող բացահայտ հետքեր, այդ թվում՝ հանցագործության կատարման պահին օգտագործված դիմակը, ձեռնոցները, կոշիկները, բաճկոնը, գիշերային տեսանելիության սարքը, որոնք վերջինս փորձել է այրման եղանակով ոչնչացնել:
Սպանության գործիք ինքնաձիգը դեռևս չի հայտնաբերվել, նշել է կոմիտեն։
Սեպտեմբերի 24-ի գիշերը ՆԳՆ-ն հայտնել էր Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության, ինչպես նաև քաղաքացի Արծրուն Գալստյանի վիրավորվելու մասին: Գրիգորյանը Փարաքարի ղեկավար էր ընտրվել մարտին կայացած ընտրությունների արդյունքներով։ ՔԿ-ն դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցել։ ՀՀ ոստիկանապետ Արամ Ղազարյանը տեղեկացրել էր, որ գործով ձերբակալվածներ չկան։






































