Հայաստանի համար առավել տրամաբանական կլինի կառուցել ռուսական նախագծով նոր էներգաբլոկ, ՏԱՍՍ-ին հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, Ատոմային էներգիայի դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Չուդակովն «Աշխարհի ատոմային շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակում։
«Հայաստանին ատոմակայան է պետք, և տրամաբանական է գոյություն ունեցողին փոխարինելու համար կառուցել ռուսական դիզայնով նոր բլոկ։ Տեսնում ենք, որ տրամաբանությունը միշտ չէ, որ գործում է վերջին տարիներին, և գերակշռում են քաղաքական որոշումները»,- ասել է նա:
Որպես օրինակ՝ նա բերել է իրավիճակն Արևելյան Եվրոպայում։
«Բլոկներ են դրվում ընդհանրապես չփորձարկված, ընդհանրապես թղթի վրա նկարված, չկան փորձնական ծրագրեր»,- հավելել է նա:
Հայաստանն ու Ռուսաստանը սեպտեմբերի 11-ին քննարկել էին Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը կրկնակի երկարացնելու հարցը: Երկրները 3 տարի առաջ պայմանավորվել էին համատեղ աշխատանքային խումբ ստեղծել ատոմային և ոչ ատոմային էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության խորացման համար, մասնավորապես, ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման, Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման, գործող ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների կառավարման շուրջ։






































