Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են սեպտեմբերի 14-ին հայազգի Կարեն Ավանեսյանին Ստեփանակերտում վիրավորելու և ձերբակալելու մասին։
Ըստ ԶԼՄ-ների՝ «58-ամյա Ավանեսյանն անտառամասում թաքցրած «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգով շարժվել է դեպի զանգվածային միջոցառման անցկացման վայր», բայց ձերբակալվել է։
Նշվում է, որ «Ավանեսյանը երեք նռնակ է նետել և կրակ բացել ոստիկանների ուղղությամբ, իսկ պատասխան կրակի ժամանակ վիրավորվել է և ձերբակալվել»։ Նշվում է ոստիկանության 1 աշխատակցի վիրավորվելու մասին։
Դեպքի առթիվ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ու Պետական անվտանգության ծառայությունը քրեական գործ են հարուցել։
Նշենք, որ, ըստ տեղական լրատվամիջոցների, սեպտեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գտնվում էր Ստեփանակերտում, որտեղ մասնակցել է մի շարք շենքերի բացման։






































