Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 1 տարի 6 ամիս ազատազրկման է դապարատել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող շարասյան մեքենայի վարորդ Արամ Նավասարդյանին հղի Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու գործով:
Դատարանը որոշել է նաև մայոր Նավասարդյանից բռնագանձել 4 մլն դրամ՝ որպես վնասի փոխհատուցում, 834 հազար դրամ փորձաքննության ծախսերի համար (լրացուցիչ պատիժ):
Մեղադրողը պահանջել էր վարորդին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով:
Նավասարդյանը մեղավոր էր ճանաչվել հուլիսի 30-ին կայացած նիստին:
2022-ի ապրիլի 26-ին Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ՃՈ ավտոմեքենան մահացու վրաերթի էր ենթարկել հղի Մնացականյանին, ինչից հետո մեքենաներից որևէ մեկը կանգ չէր առել։ ՃՈ մեքենայի վարորդը ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։ Ըստ մեղադրանքի՝ վրաերթի ենթարկելուց հետո Նավասարդյանը թողել էր դեպքի վայրը և հեռացել։ 2024-ի դեկտեմբերին Երևանի ընդհանուր իրավասության դատարանն անօրինական էր համարել հղի կնոջը մահացու վրաերթի ենթարկելու գործով Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը։
Փաշինյանը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Մնացականյանի վրաերթի դեպքով որևէ պատասխանատվություն չունի, քանի որ իրեն ուղեկցող ավտոշարասյան մեջ սովորական քաղաքացու նման «ավտոբուսի» ուղևոր էր։






































