Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում և Ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայում հայ ուսանողներն ու դպրոցականները, ընդհանուր առմամբ, 8 մեդալ են նվաճել, հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից։
Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը տեղի ունեցած Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 4 մեդալ՝ 2 ոսկի և 2 բրոնզ։ Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների:
Ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայում, որն անցկացվել է հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը Բոլիվիայի Սուկրե քաղաքում, հայ դպրոցականները 4 բրոնզե մեդալ են նվաճել։ ՀՀ թիմի բոլոր մասնակիցները՝ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի աշակերտներ Ծովակ Եգորյանը (12-րդ դասարան), Մարտին Խաչատրյանը (12-րդ դասարան), Տիգրան Մացակյանը (10-րդ դասարան), ինչպես նաև «Քվանտ» վարժարանի աշակերտ Ալեքս Գրիգորյանը (11-րդ դասարան) արժանացել են բրոնզե մեդալների։