Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ հնարավոր նոր ռազմական գործողությունների, եթե Թեհրանը փորձի վերսկսել միջուկային ծրագիրը, հայտնել է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նրանց տվյալներով՝ Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը վերջերս Վաշինգտոն կատարած այցից հետո փակ ճեպազրույցների ժամանակ հայտնել է, որ իր տպավորությամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշակի հանգամանքներում կաջակցի Իսրայելի նոր հարվածներին:
Նման պայմաններ կարող են լինել Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի վնասված օբյեկտներից բարձր հարստացված ուրանը դուրս բերելու Իրանի փորձերը, ինչպես նաև Իրանի կողմից միջուկային ծրագրի վերականգնման սկիզբը, մասնավորապես, ուրանի հարստացման օբյեկտները:
Նշվում է, որ իրանական միջուկային ճգնաժամի վերաբերյալ հետագա գործողությունները կդառնան Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի առաջիկա բանակցությունների գլխավոր թեման:
Իսրայելը հունիսի 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ ԱՄՆ-ն հունիսի 22-ն, իր հերթին, հարվածներ էր հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտի։ Հունիսի 23-ի ուշ երեկոյան Իրանը հրթիռներ էր արձակել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։ Մեկ օր անց՝ հունիսի 24-ին, ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ Թեհրանի և Թել Ավիվի միջև հրադադարն ուժի մեջ է մտել։