Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 174 չվերթ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Ռոսավիացիային»:
Այժմ Մոսկվայի օդանավակայանները՝ «Շերեմետևոն», «Վնուկովոն», «Դոմոդեդովոն» և «Ժուկովսկին», աշխատում են բնականոն ռեժիմով։
«Մոսկվայի ժամանակով ժամը 21:00-ի դրությամբ՝ «Շերեմետևոյում» չեղարկվել է 174 չվերթ (80%-ը բաժին է ընկնում «Աերոֆլոտ» խմբի ավիաընկերությունների չվերթերին), երկու ժամով հետաձգվել է 47 չվերթ»,- ասվում է «Ռոսավիացիայի» հաղորդագրության մեջ:
Հուլիսի 5-ի առավոտյան «Շերեմետևո» օդանավակայանում օդային տարածքի օգտագործման սահմանափակումների պատճառով օրվա ընթացքում փոփոխություններ են կատարվել ավիափոխադրողների չվացուցակում: Մասնավորապես, «Աերոֆլոտ» խմբի ավիաընկերությունները հայտնել են չվերթերի չեղարկումների և ուշացումների, ինչպես նաև ժամանող օդանավերի սպասարկման հետ կապված դժվարությունների, օդանավակայանի շենքում ուղևորների ժամանակին իջնելու և ուղեբեռի տրամադրման խնդիրների մասին: Տելեգրամյան մի քանի ալիքում ասվում է, որ ուղևորները վայրէջքից հետո ստիպված էին երկար ժամանակ մնալ ինքնաթիռում, մի շարք դեպքերում՝ սպասումը շուրջ երկու ժամ է տևել։