Հանցավոր խմբի նկատմամբ 107 դրվագով հանրային քրեական հհետապնդում է հարուցվել, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության՝ հիմնավոր փաստեր են ձեռք բերվել այն մասին, որ Ն.Պ.-ն, հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, 2021 թվականի մայիսից մինչև 2025 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում ինչպես միայնակ, այնպես էլ խմբի կազմում ընդգրկված Վ.Ղ.-ի և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ համատեղ մշակել է խարդախություններ կատարելու հանցավոր մեխանիզմներ:
«Հանցավոր խմբի անդամները տաքսիների և բեռնափոխադրմամբ զբաղվող վարորդներին խնդրել են որոշ ապրանքներ գնել և իրենց հետ փոխադրել պատվիրված վայր, սակայն գումարը չեն փոխանցել: Այնուհետև, խնդրել են տարբեր չափերի գումարներ փոխանցել իբր իրենց պատկանող, սակայն իրականում տաքսի ծառայություն մատուցող այլ վարորդների բանկային հաշիվներին՝ այդպիսով հափշտակելով քաղաքացիների կողմից փոխանցված գումարները»,- մանրամասնում է գերատեսչությունը:
Բացի այդ, հանցավոր խմբի անդամները զանգահարել են տարբեր քաղաքացիների և ներկայացել իբր մսի մատակարարներ, այնուհետև կեղծ տեղեկություններ հայտնելով հափշտակել են վերջիններիս պատկանող մորթված անասունները:
Չարագործները նաև բջջային հեռախոսների վաճառքի վերաբերյալ հայտարարություններով զանգահարել են քաղաքացիներին, պայմանավորվել և գումարի փոխարեն վերջիններիս տրամադրել հուշանվեր թղթադրամներ համարվող և վճարային միջոց չհանդիսացող թղթադրամներ՝ արդյունքում խաբեությամբ հափշտակելով բջջային հեռախոսները:
Հանցավոր խմբի անդամների կողմից տուժողներից հափշտակված գումարների չափը կազմել է 20 000-ից մինչև 1 մլն 200 հազար դրամ։ Վ.Ղ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը, իսկ Ն.Պ.-ի նկատմամբ՝ կալանքը: