Կոտայքի մարզի Ջրաբեր-Աբովյան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 3 անձ է մահացել, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 21։50-ի սահմաններում BMW X3 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և մոտ 80-100 մետր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Ըստ կայքի՝ վթարի հետևանքով մահացածների մարմինները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս՝ տարբեր հատվածներում։
Նշվում է, որ դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը։
ՆԳՆ-ից Armenia Today-ին հայտնել էին, որ Հայաստանում 2025-ի առաջին 3 ամիսներին՝ հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը, մարմնական վնասվածքի և մահվան ելքով 989 ճանապարհատրանսպորտային վթար է գրանցվել, ինչի հետևանքով զոհվել է 61 մարդ։ Ընդ որում՝ 2025-ի առաջին երեք ամիսներին ՃՏՊ-ներից վիրավորվել է 1403 մարդ։