ՄԻՊ աշխատակազմում ամփոփել են ոստիկանության բաժիններ իրականացված արագ արձագանքման այցերի արդյունքները և մտահոգիչ համարել հունիսի 27-ին ոստիկանների կողմից ձերբակալված անձանց թվում անչափահասների առկայությունը։
ՄԻՊ-ը կարևորել է, որ յուրաքանչյուր անչափահասի ազատությունից զրկումը կիրառվի որպես վերջին միջոց և հնարավորինս կարճ ժամկետով, նրանց հետ ցանկացած գործողություն իրականացվի` հաշվի առնելով նրանց տարիքը, խոցելիությունը և զարգացման կարիքները։
Ըստ ՄԻՊ-ի՝ մի շարք անձինք ձերբակալվել են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու անմիջական ծագած կասկածի հիմքով։ Միևնույն ժամանակ, ազատությունից զրկված անձինք ներկայացրել են իրենց անհամաձայնությունն իրականացված ձերբակալումների իրավաչափության վերաբերյալ։
Հունիսի 27-ի առավոտյան իրավապահները նախ քննչական գործողություններ էին իրականացրել Շիրակի թեմի առաջնորդարանում, ապա ներխուժել էին Մայր Աթոռ՝ բերման ենթարկելու այդ պահին քահանայական ժողովի պատրաստվող Աջապահյանին, որի նկատմամբ հունիսի 26-ին իշխանությունը զավթելուն ուղղված կոչերի համար Քննչական կոմիտեն քրվարույթ էր նախաձեռնել։ Քաղաքացիները կանխել էին իրավապահների գործողությունները, թեպետ Աջապահյանը հայտարարել էր, որ պատրաստ է ներկայանալ։ Այնուհետ քաղաքացիները շրջափակել էին սրբազանի՝ Երևան՝ դեպքի ՔԿ ուղևորվող ավտոմեքենան։ Սկզբում երթով, հետո ավտոմեքենայով Աջապահյանն, ի վերջո, ուղևորվել էր Երևան։ Ավելի ուշ արքեպիսկոպոսը ներկայացել էր ՔԿ։
Երևան-Էջմիածին ճանապարհից ու ՔԿ շենքի դիմացից քաղաքացիներ են ձերբակալվել։ ՆԳՆ-ից Armenia Today-ին հայտնել էին, որ մի խումբ անձինք քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել և տեղափոխվել են համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարել էր, որ օրինական բոլոր միջոցների կիրառմամբ պայքարելու է եկեղեցու և եկեղեցականների իրավունքների պաշտպանության համար։