Իշխանությունը քննարկում է Մայր Աթոռի դեմ գրոհային խմբեր ձևավորելու և հարձակվելու ռիսկերը, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Թերթի փոխանցմամբ՝ ինչ-որ պահի իշխանությունները կարող են խմբեր գործուղել Վեհարան, թե երբ՝ ժամկետներ չեն հայտնում։
«Տեղեկացանք, որ ընդդիմադիր որոշ շրջանակներում հակազդեցության ծրագրեր են մշակում, մասնավորապես՝ ՀՀԿ-ն կազմ-պատրաստ սպասում է ոտնձգության, որպեսզի իրենք էլ խմբեր կազմեն և շտապեն Մայր Աթոռ: ՀՀԿ մեր աղբյուրները չբացառեցին, որ, ի աջակցություն եկեղեցու, առաջիկայում այլ ակցիաներ ևս կիրականացնեն»,- տեղեկացրել է լրատվականը
Հունիսի 27-ի առավոտյան փաստաբան Միհրան Պողոսյանը տեղեկացրել էր, որ 30 դիմակավորված անձ ներխուժել է Շիրակի թեմի առաջնորդարան։ Ավելի ուշ Աջապահյանի փաստաբան Թամարա Յայլոյանը հայտներ էր, որ իրեն թույլ չեն տվել ներկա գտնվել առաջնորդարանում տեղի ունեցող խուզարկությանը։
Հունիսի 26-ին հայտնի էր դարձել, որ Աջապահյանի նկատմամբ հունիսի 17-ին քրեական վարույթ էր նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով)։
Հունիսի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում իշխանության զավթման փորձի շուրջ քրեական գործի շրջանակում։ Այն հարուցվել էր Civic.am կայքի հրապարակած փաստաթղթի հիման վրա, որն, ըստ կայքի, «Հեղաշրջման պլան» էր։ Քննչական կոմիտեն հայտնել էր գործողությունների մասին։
Իրավապահներն, ընդհանուր առմամբ, 17 անձի նկատմամբ կալանքի միջնորդություն էին ներկայացրել դատարան։ Նրանցից 15-ի նկատմամբ դատարանը կիրառել էր կալանք՝ երկու ամիս ժամկետով։ Կանալավորվածների թվում է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Գալստանյանը։