ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հետևելով նախագահ Դոնալդ Թրամփի օրինակին, Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ նկարագրելու համար Օսմանյան կայսրությունում 1915 թվականի իրադարձությունները։ Դրա փոխարեն նա օգտագործել է հայերեն տերմինը՝ լատիներեն տառերով՝ Meds Yeghern («Մեծ Եղեռն»):
«Չնաած անդառնալի կորստին՝ հայ ժողովուրդը համառեց և հաղթանակ տարավ։ Այսօր Մեծ եղեռնը հիշում ենք ոչ միայն վշտով, այլև վճռականությամբ: Մենք հարգում ենք անցյալը և անհամբեր սպասում ենք Հայաստանի և տարածաշրջանի համար երկարատև խաղաղության, բարգավաճման և անվտանգության համար աշխատելուն»,- գրել է Ռուբիոն X-ում:
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը 2021 թվականի ապրիլի 24-ի իր հայտարարության մեջ։
Ապրիլի 24-ին լրացել էր Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչման միջոցառումներով հիշել է 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 34 պետություն, ավելի քան 70 կազմակերպություն։ 110 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտել Մեծ եղեռնի իրողությունը և պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ նենգափոխելով պատմությունը։