Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՊՆ-ին հանձնարարել է հրադադարի խախտում չանել։
«Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի»,- գրել է Փաշինյանը։
Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։
Այսօր ավելի վաղ Փաշինյանը գրել էր, որ պատրաստ է իր ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո։
Մարտի 13-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին՝ հայկական կողմի վերջին երկու կետերի վերաբերյալ Բաքվի առաջարկները ընդունելուց հետո։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր լուրը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել համաձայնագրի ստորագրման ժամկետները և վայրը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի երկու կետերի բովանդակությունը և հաստատել, որ հարցերը վերաբերում էին հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչների բացակայության դրույթին, ինչպես նաև միջազգային դատարաններում հայցերը հետ կանչելու խնդրին։ Մարտի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքվի վստահության մակարդակը Հայաստանի նկատմամբ «մոտ է զրոյին»։