ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ողջունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության ժամկետի երկու տարով երկարաձգումը:
«Առաքելությունը դարձել է տարածաշրջանում կայունության մի քանի հիմնական գործոններից մեկը։ Մենք գնահատում ենք յուրաքանչյուր ԵՄ անդամ երկրի աջակցությունը և նրանց մասնակցությունը տեղում»,- ասված է Միրզոյանի հայտարարության մեջ X-ում:
Այսօր ավելի վաղ ԵՄ խորհուրդը երկու տարով երկարաձգել էր Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության մանդատը։ Հունվարի 29-ին ԵՄ երկրների դեսպանները հավանություն էին տվել առաքելության երկարաձգմանը։
2023 թվականի փետրվարի 20-ին մեկնարկել էր ԵՄ-ի քաղաքացիական առաքելությունը Հայաստանում, 2023 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն որոշել էր Հայաստանում դիտորդների թիվը 138-ից հասցնել 209-ի:
2024 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանին առաջարկել է ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից։ Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև սահմանազատման հանձնաժողովի վերաբերյալ պայմանավորվածությունը «բավարար է» ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանից դուրս բերելու համար։