Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների՝ հունվարի 16-ի հանդիպման հայտարարության մեջ այդ պայմանավորվածության մասին չի ասվել, ուրեմն՝ ոչ, հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին, թե սահմանազատման հանձնաժողովների նոր պայմանավորվածությամբ Կիրանց-Ոսկեպար հատվածում Հայաստանը պատրաստվո՞ւմ է Ադրբեջանին զիջել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի որևէ հատված։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով սահմանզատման հարցը, ասել է, որ ՀՀ պետական սահմանի այդպիսի հատված չկա, որ ասեն՝ դա չենք սահմանազատում, «քանի որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները ՀՀ սահմանի հատվածներն են»։ Վարչապետը պատասխանել է հարցին, թե ինչո՞ւ են սահմանազատումն սկսում հյուսիսից։
«Դուք գիտեք, որ այդ հատվածում ունենք մի քանի հատվածական սահմանազատում: Կիրանցի հատվածի մի հատվածն է սահմանազատված, Բերքաբերից Կիրանց, Բաղանիսից դեպի Ջուջեվան սահմանազատված չեն։ Այնտեղ ունենք սահմանազատված կտորներ, որոնք անվտանգության երաշխիք են, ուզում ենք այդ կտորները դարձնել մոնոլիտ, ամբողջական»,- նշել է նա:
2025-ի հունվարի 16-ին Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին սահմանազատման աշխատանքները շարունակել հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից, այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Իրանի հետ Ադրբեջանի սահման։
ՀՀ ԱԳՆ-ն 2024 թվականի ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացը սկսել Տավուշից։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։
Կառավարությունը մայիսի 15-ին հայտարարել էր, որ սահմանազատումից և սահմանագծումից հետո Կիրանցում ճանապարհների հետ կապված խնդիրներ կառաջանան։ Մայիսի 19-ին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ մեկնարկել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցումը։