Արտերկրում բնակվող ավելի քան 60 ՀՀ քաղաքացի կոչ է արել չեղարկել ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունը, որով ընտրելու իրավունքից զրկվում են վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում մեկ տարուց պակաս բնակված քաղաքացիները։
Հայտարարությունը ստորագրել է արտերկրում բնակվող 67 ՀՀ քաղաքացի՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Կանադայից, Գերմանիայից, Շվեդիայից, Իտալիայից և այլ երկրներից։
Նրանք հիշեցրել են, որ հուլիսի 3-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա է փոփոխություն կատարել ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում։
Նրանք պնդել են, որ փոփոխությունը հակասահմանադրական է, ընդունվել է առանց հանրային քննարկման։ Նրանց խոսքով՝ փոփոխությունը նաև խտրական է, քանի որ քաղաքացիների մի խումբը զրկվում է ընտրելու իրավունքից։ Հայտարարության հեղինակների գնահատմամբ՝ այն չի նպաստում ընտրական համակարգի ժողովրդավարացմանը, այլ ուղղված է մեկ քաղաքական ուժի վերարտադրմանը։
Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները նշել են, որ շարունակում են պահպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, ներգրավված են երկրի քաղաքական և հասարակական կյանքում, ուստի որևէ մեկը չի կարող զրկել իրենց ընտրական իրավունքից։
Նրանք նաև հայտարարել են, որ այս փոփոխությունը համարում են հաջորդ ընտրությունների կամ հանրաքվեի «առաջին կեղծիքը» և կոչ են արել Հայաստանում և արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին միանալ իրենց պահանջին՝ թույլ չտալու, որ օրենքն ուժի մեջ մտնի։ Ըստ հայտարարության՝ իրենք մտադիր են մասնակցել բոլոր հանրաքվեներին և ընտրություններին՝ անկախ բնակության վայրից։
ԱԺ-ն հուլիսի 3-ին ընդունել էր «Ընտրական օրենսգրքում» և «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որոնց համաձայն՝ խորհրդարանական ընտրություններին և հանրաքվեներին կարող են մասնակցել միայն այն քաղաքացիները, որոնք քվեարկությանը նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանում փաստացի գտնվել են առնվազն 366 օր։ Նույն օրն ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ ՍԴ-ում կվիճարկի ընտրելու իրավունքի սահմանափակումը։
ՄԻՊ-ն, իր հերթին, կարևորել էր ընտրելը և հանրաքվեին մասնակցելու իրավունքները սահմանափակող նախագծերի հանրային քննարկումը։ Ըստ ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող դերակատարները մտահոգություններ ունեն նախագծերով առաջարկվող նշված կարգավորումների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ։
Դիտեք նաև՝
«Իրենց համար է», «կողմ եմ», «հակասահմանադրական է». հարցում՝ ընտրական ցենզի մասին






































