ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցությունները շարունակվում են Շվեյցարիայում:
«Իրանցիներն իրենց թիմի զգալի մասին թողել են այնտեղ՝ աշխատանքը շարունակելու համար»,- նրա խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը:
Վենսը հայտարարել է կողմերի միջև հունիսի 21-ին Շվեյցարիայում տեղի ունեցած բանակցությունների առաջընթացի մասին:
«Մենք զգում ենք, որ առաջընթաց ենք գրանցում»,- ասել է նա և հավելել, որ կողմերն «ստեղծել են մեխանիզմ՝ ապահովելու համար, որ ոչ միայն Հորմուզի նեղուցը բաց լինի, այլև այն մնա բաց», և ստեղծել են «ճիշտ մեխանիզմ՝ ապահովելու տարածաշրջանային հրադադարը, որպեսզի անխուսափելիորեն առաջացող հակամարտությունները վերահսկողության տակ պահվեն»:
Reuters-ը, հղում անելով Պակիստանի և Կատարի միջնորդներին, հաղորդել է, որ Շվեյցարիայում կայացած բանակցությունների ընթացքում Թեհրանը և Վաշինգտոնը համաձայնության են եկել 60 օրվա ընթացքում մշտական խաղաղության համաձայնագրի հասնելու ճանապարհային քարտեզի շուրջ:
Կողմերը, ըստ տեղեկությունների, համաձայնության են եկել Լիբանանում Իսրայելի և Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահ» շարժման միջև ռազմական գործողությունները դադարեցնելու մեխանիզմի շուրջ և բացել են հաղորդակցության գիծ՝ Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցումն ապահովելու համար: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաև հայտարարել է Իրանի կողմից նավթի և դրանց հետ կապված արտադրանքի վաճառքի, ինչպես նաև դրանց համար վճարումների ստացման դեմ պատժամիջոցների կասեցման մասին մինչև օգոստոսի 21-ը:
Վենսն ավելի վաղ հայտարարել էր, որ Թեհրանը համաձայնել է թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել երկիր, ստեղծել մեխանիզմներ արտասահմանում սառեցված ակտիվները կառավարելու և հրադադարը պահպանելու համար: Սակայն Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը դեռևս չի քննարկել միջուկային հարցեր կամ որևէ նոր պարտավորություն չի ստանձնել:
Ապրիլին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որից հետո պետք է մեկնարկեին բանակցությունները Պակիստանում, սակայն առաջին փուլը հաջողությամբ չէր ավարտվել։ Հունիսի 12-ին Իրանը հրապարակել էր ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման 14 կետից բաղկացած հուշագիր, իսկ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել էր, որ կողմերը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի վերջնական տեքստի շուրջ։
Շվեյցարիայում հունիսի 21-ին ավարտվել էր ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների առաջին փուլը, որը հիմնականում կրել էր տեխնիկական բնույթ։ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել էին 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզին։





































