Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները մտել են փոփոխվող տարածաշրջանային ու գլոբալ իրողությունների վերաիմաստավորման և հարմարվողականության փուլ, Ռուսաստանի օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Դիվանագետի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է Երևանի հետ այդ աշխատանքը վարել կառուցողական և փոխշահավետ հունով՝ օգտագործելով համագործակցության գործող երկկողմ մեխանիզմները։
Դեսպանն ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք կասկածի տակ չի դրել Հայաստանի՝ ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու իրավունքը։
«Մենք ակնկալում ենք, որ Երևանի փոխգործակցությունն այլ գործընկերների հետ վնաս չի հասցնի երկկողմ կապերին և ուղղված չի լինի Ռուսաստանի դեմ»,- նշել է դիվանագետը։
Կոպիրկինը նաև Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների բազմադարյա կապերը, միջանձնային շփումները և համատեղ պատմությունն անվանել է «երկկողմ հարաբերությունների կարևորագույն հիմք»։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանում բնակվում է հայկական մեծ սփյուռք։
Դեսպանի խոսքով՝ ռուս-հայկական համագործակցությունը հենվում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, միջկառավարական, միջխորհրդարանական և միջգերատեսչական մեխանիզմների, ինչպես նաև միջտարածաշրջանային կապերի և պայմանագրաիրավական հիմքի վրա։
Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը պահպանում է առաջին տեղը Հայաստանի արտաքին առևտրային գործընկերների շարքում, առաջատար է դրամական փոխանցումների ծավալով և հանրապետություն այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների թվով։ Ռուսական կապիտալով ընկերությունները երկրի խոշորագույն հարկատուների շարքում են։
Անդրադառնալով Հարավային Կովկասի իրավիճակին՝ Կոպիրկինը Ռուսաստանն անվանել է տարածաշրջանի պատմականորեն անքակտելի մաս և հայտարարել Մոսկվայի պատրաստակամության մասին՝ նպաստելու տարածաշրջանի պետությունների կայունության ապահովմանը, տնտեսական զարգացմանը և տրանսպորտային փոխկապակցվածությանը։
«Վստահ եմ, որ այս հարցում մեր շահերը լիովին համընկնում են Հայաստանի ազգային շահերի հետ»,- նշել է նա։
Խոսելով միջազգային թեմայից՝ Կոպիրկինը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ գլոբալ գործընթացների առանցքային մասնակիցներից մեկը և հանդես է գալիս բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման օգտին, որը հիմնված է պետությունների իրավահավասարության, միջազգային իրավունքի պահպանման և տարբեր քաղաքակրթությունների շահերի նկատմամբ հարգանքի վրա։
Դիվանագետի խոսքով՝ գլոբալ կայունություն կարելի է ապահովվել միայն փոխադարձ հարգանքի և բոլոր կողմերի շահերի հաշվառման հիման վրա։
Նա նաև հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում, Լատինական Ամերիկայում և աշխարհի այլ տարածաշրջաններում հակամարտությունները նպաստում են միջազգային լարվածության աճին։ Կոպիրկինը հիշատակել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ այն ռիսկեր է ստեղծում համաշխարհային լոգիստիկայի, առևտրի, էներգետիկ և պարենային անվտանգության համար։
Մոսկվայի և Երևանի հարաբերությունները լարվել են՝ հայկական կողմից ՀԱՊԿ գործունեության քննադատության և Հայաստանի՝ Եվրամիության հետ կապերի ընդլայնման շուրջ հայտարարությունների շրջափուլում։
Այս փուլում ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը, կասեցրել ՌԴ-ում գտնվող խմբաքանակների իրացումը։ Ապրանքների թվում են ծաղիկները, «Ջերմուկ» հանքային ջուրը, խմիչքի առանձին խմբաքանակներ, մրգեր, բանջարեղեն, ինչպես նաև չրեր։ Հայկական ընկերությունների կողմից ձկան և ձկնամթերքի ներկրումը կասեցվել էր հունիսի 1-ին։
Դիտեք նաև՝
Ծաղիկները սպասում են ընտրություններին
Փաշինյանը սուբսիդիաներ է խոստացել ՌԴ սահմանափակումներից տուժած բիզնեսին




































