Ռուսաստանցի մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկիին (հայտնի է որպես բլոգեր Misha Verbitsky) Հայաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, հայտնում է RBC-ն՝ հղում անելով օդանավակայանի գծային բաժնին։
ԶԼՄ-ին հայտնել են, որ Վերբիցկին ներկայումս չի գտնվում օդանավակայանի տարածքում։
Armenia Today-ը հարցում է ուղարկել ՆԳՆ և ՔԿ՝ պարզելու, թե ինչ գործողություններ են տեղի ունեցել և որտեղ է այժմ Վերբիցկին, սակայն առայժմ պատասխան չի ստացել։
2024 թվականի նոյեմբերին Ռուսաստանում Վերբիցկու նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ահաբեկչության կոչերի հոդվածով (ՌԴ ՔՕ 205.2 հոդվածի 2-րդ մաս), որով նրան սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում։ 2025 թվականի սկզբին մաթեմատիկոսի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և նա ներառվել է ահաբեկիչների ու ծայրահեղականների ցուցակում։
Վերբիցկին երկար տարիներ դասավանդել է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի (ВШЭ) մաթեմատիկայի ֆակուլտետում։ Նա հանդես է եկել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների քննադատությամբ և ստորագրել գիտնականների հակապատերազմական բաց նամակը՝ որպես Բրազիլիայի Մաքուր և կիրառական մաթեմատիկայի ազգային ինստիտուտի (IMPA) աշխատակից։ Բացի այդ, նա կասկածի տակ էր դրել «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության պաշտոնական վարկածը։






































