Արցախցիների գույքային պահանջներով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու նոր փուլով արդեն մի քանի հարյուր նոր հայտ է ստացվել, «Հրապարակ» օրաթերթին հայտնել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Բեգլարյանը թերթին նշել է, որ գործընթացն իրականացվում է ֆինանսական ու կադրային ռեսուրսների խիստ սղության պայմաններում՝ հիմնականում կամավորների և ուսանողների ներգրավմամբ։
«Մենք փորձում ենք՝ ինչքան հնարավոր է, պետության ստեղծած բացերը լրացնել, բայց չենք կարող պետության ամբողջ բեռը մեզ վրա վերցնել և՛ ռեսուրսների տեսանկյունից, որ խիստ սղություն ունենք, և՛ իրավասությունների տեսանկյունից»,- հայնտել է նա։
Արցախի պետնախարարը շեշտել է, որ իրավական առումով հայկական կողմի դիրքերն Ադրբեջանի հետ միջազգային դատական վեճերում մնում են անհամեմատ ուժեղ։ Ըստ նրա՝ հենց այդ պատճառով է Բաքվի ռեժիմը ՀՀ իշխանություններից պահանջում հետ վերցնել միջազգային գանգատները։ Նախաձեռնության նպատակն է միջազգային ատյաններում դիմումների կրիտիկական զանգվածի ապահովումը, ինչը թույլ կտա ապագայում նախադեպային որոշումներ ստանալ և Ադրբեջանի վրա երկարաժամկետ ճնշման մեխանիզմներ ձևավորել, պարզաբանել է նա։
Բեգլարյանը նաև չի բացառել ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե դիմելու տարբերակը։ Նա քննադատել է արցախցիներին Հայաստանում կայացած ընտրական գործընթացներից դուրս թողնելու որոշումը։ Նրա ձևակերպմամբ՝ 070 կոդով անձնագիր ունեցող անձանց քաղաքացիության ստացման դիմումների ձգձգումն ունի բացառապես ներքաղաքական դրդապատճառներ, քանի որ արցախցիների ճնշող մեծամասնությունը պոտենցիալ ընդդիմադիր ընտրողներ են և ընդգծված դեմ են գործող իշխանությանը։
«Արդյունքում՝ նախ թեման կմնա բաց, և երկրորդը՝ շարունակական ճնշում կգեներացվի Ադրբեջանի վրա՝ որոշակի կանխարգելիչ ազդեցություն նաև։ Բայց, խոշոր հաշվով, ռազմավարության տեսանկյունից մենք 10-15 տարի հետոյի համար ենք սա անում, էնպես չէ, որ շատ արագ արդյունք ենք ստանալու»,- նշել է նա։
Բեգլարյանը հունիսի 3-ին հայտնել էր, որ բռնի տեղահանված արցախցիները ՄԻԵԴ են ներկայացրել ավելի քան 600 դիմում՝ կապված Ադրբեջանի կողմից սեփականության (բնակարաններ, տներ, հողամասեր և այլն) բռնագրավման և զավթման հետ, ինչն առնչվում է նաև վերադարձի իրավունքին և այլ իրավունքների։
Ավելի վաղ փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել էր արցախցիների ընտրություններին մասնակցելու իրավունքի մասին և ընդգծել էր Հայաստանի վարչական դատարանի մայիսին կայացրած և օրինական ուժի մեջ մտած երեք որոշումների մասին։ ՀՀ ՆԳՆ-ն հերքել էր Արցախի «070» կոդով անձնագրերով ՀՀ ընտրություններին մասնակցելու մասին տեղեկությունը՝ հավելելով, որ կբողոքարկի դատարանի որոշումները։






































