Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը դարձել է աշխարհում առաջին տրիլիոնատերը՝ իր SpaceX տիեզերագնացության ընկերության իրականացրած IPO-ից (բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում) հետո, հայտնում է The Guardian-ը։
Forbes-ը Մասկի կարողությունը գնահատել է շուրջ 1,1 տրիլիոն դոլար, իսկ Bloomberg-ը՝ մոտ 1,05 տրիլիոն դոլար։ Այս ցուցանիշով Մասկն ավելի քան երեք անգամ գերազանցում է մոլորակի երկրորդ ամենահարուստ մարդուն՝ Google-ի համահիմնադիր Լարրի Փեյջին, որի կարողությունը գնահատվում է 295,3 միլիարդ դոլար։
NASDAQ բորսայում առևտրային շրջանի մեկնարկից հետո SpaceX-ի բաժնետոմսերի գինը IPO-ի սահմանված արժեքից (135 դոլար՝ մեկ արժեթղթի դիմաց) աճել է ավելի քան 20%-ով՝ հասնելով 162,82 դոլարի, իսկ առավելագույն կետում բարձրացել է մինչև 168,75 դոլար։ Տեղաբաշխման շրջանակներում ընկերությունը տեղադրել է 555,6 միլիոն բաժնետոմս՝ ներգրավելով 75 միլիարդ դոլար, ինչի արդյունքում SpaceX-ի ընդհանուր արժեքը հասել է 1,75 տրիլիոն դոլարի։
Իր հեռանկարային ծրագրերում ընկերությունը նշել է, որ բացի տիեզերական արձակումներից և Starlink արբանյակային ինտերնետից, նախատեսում է զարգացնել արհեստական բանականության համար նախատեսված ուղեծրային տվյալների կենտրոններ, արդյունաբերական ենթակառուցվածքներ Լուսնի վրա, ինչպես նաև զբաղվել աստերոիդների վրա ռեսուրսների արդյունահանմամբ և Մարսի վրա բնակավայրերի ստեղծմամբ։ Նշվում է, որ ներդրողների թվում են Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի և Կատարի ինքնիշխան հիմնադրամները։
Մասկը հարավաֆրիկյան ծագմամբ ամերիկացի գործարար է, PayPal-ի համահիմնադիրներից և SpaceX-ի հիմնադիրը, որը ծնվել է 1971 թվականին Պրետորիայում։ Նա նաև կապված է Tesla-ի հետ․ Մասկը 2004 թվականին դարձել էր ընկերության առաջին խոշոր ներդրողներից մեկը, իսկ 2008 թվականից զբաղեցնում է գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը։ Մասկի հիմնադրած կամ ղեկավարած ընկերությունների թվում են էլեկտրամոբիլներ արտադրող Tesla-ն, տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող SpaceX-ը, արհեստական բանականության ոլորտի xAI-ն, նեյրոտեխնոլոգիական Neuralink-ը և ենթակառուցվածքային The Boring Company-ն։






































