Ռուսաստանն ավելացրել է ձկան ներմուծումն այլ երկրներից՝ Հայաստանից մատակարարումների նվազումը փոխարինելու նպատակով, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») ղեկավար Սերգեյ Դանկվերտը։
Ռուսաստանն ավելի վաղ սահմանափակումներ էր մտցրել Հայաստանից կենդանի ձկան ներկրման նկատմամբ՝ արգելելով բոլոր հայկական ընկերությունների արտադրանքի մուտքը, բացառությամբ երկուսի։ ՌԴ ներկրման թույլտվություն էր ստացել հայկական երկու ձկնաբուծական ընկերություն՝ «ՄՖ Էքսպորտը» և «Ինվեստ Պլյուսը»։
Դանկվերտը պարզաբանել է, որ գերատեսչությունը նախապես գիտակցելով, որ սահմանափակումներն անխուսափելի են, որպես հակակշիռ, ընդլայնել է մատակարարումներն այլ ուղղություններից։ Մասնավորապես, հայկական իշխան ձկնատեսակի ներմուծման հարցում ռուսական շուկան վերակողմնորոշվել է դեպի Իրան և Թուրքիա, ասել է նա։
Դանկվերտը նաև ընդգծել է, որ մատակարարների բազմազանության դեպքում ավելի հեշտ է աշխատել, որովհետև մեկ աղբյուրից օգտվելը կարող է ապրանքի կախվածություն կամ դեֆիցիտ առաջացնել։
Մոսկվայի և Երևանի հարաբերությունները լարվել են՝ հայկական կողմից ՀԱՊԿ գործունեության քննադատության և Հայաստանի՝ Եվրամիության հետ կապերի ընդլայնման շուրջ հայտարարությունների ֆոնին։
Այս փուլում ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը, կասեցրել ՌԴ-ում գտնվող խմբաքանակների իրացումը։ Ապրանքների թվում են ծաղիկները, «Ջերմուկ» հանքային ջուրը, խմիչքի առանձին խմբաքանակներ, մրգեր, բանջարեղեն, ինչպես նաև չրեր։ Հայկական ընկերությունների կողմից ձկան և ձկնամթերքի ներկրումը կասեցվել էր հունիսի 1-ին։



































