«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը մանրամասներ է հայտնել 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցներից։
Կարապետյանը 168․am-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ եթե Փաշինյանն իրեն լսեր, պատերազմը կանգ կառներ Ֆիզուլիում։
«Եթե առաջին անգամ ինձ լսեր, մենք կկորցնեինք ընդամենը երեք շրջան, պատերազմն էլ կկանգներ Ֆիզուլիում, բայց մեծամտաբար համարում էր, որ հաղթում ենք, ինչո՞ւ կանգնեցնենք»,- հայտարարել է Կարապետյանը։
Նա հստակեցրել է, որ ոչ թե մեկ, այլ մի քանի զրույց է ունեցել Փաշինյանի հետ՝ պատերազմը դադարեցնելու ելքերի մասին։
«Եթե ինձ լսեր, մենք չէինք կորցնի Շուշին։ Սկզբում իրեն շատ մեծամիտ պահեց, պնդում էր, թե հաղթում ենք, գուցե իրեն էլ էին խաբել, թե հաղթում ենք, բայց հետագայում ամեն ինչ գնաց սխալ ճանապարհով»,- հայտարարել է Կարապետյանը։
Նա նշել է, որ պատերազմը դադարեցնելու ելքերի մասին չի ցանկանում փակագծեր բացել, միևնույն ժամանակ՝ ընդգծել, որ այդ մասին Փաշինյանը տեղյակ է։
«Գաղտնիք է, բայց դրա մասին շատ լավ գիտի Փաշինյանը։ Ես ոչ թե փորձել եմ կանգնեցնել պատերազմը, այլ ամեն ինչ արել եմ, որ այն կանգ առնի։ Ըստ իս՝ այդ ճանապարհին ինձ ինչ-որ բաներ հաջողվել է, ինչի մասին չէի ցանկանալ խոսել։ Եթե Փաշինյանը ցանկանա, կարող է մեկնաբանել»,- հավելել է Կարապետյանը։
Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Կոտայքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը տնային կալանքի տակ գտնվող Կարապետյանը հայտարարել էր՝ փորձել է օգնել, որ 44-օրյա պատերազմը կանգ առնի։ Կարապետյանն այդ ժամանակ ևս այլ մանրամասներ չէր հայտնել։




































