ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի մասն է և ընտրություններին միջամտելու բացահայտ փորձ, հայտարարել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա կարծիքով՝ վերջին երկու ամիսներին նմանատիպ այցերն ակտիվացել են միայն գործող իշխանությանը սատարելու համար։ «Հայաստան» դաշինքի առաջնորդը թերհավատ է, որ այցի ընթացքում որևէ էական պայմանավորվածություն ձեռք կբերվի։
«Տեսնո՞ւմ ենք, թե ինչպես է, օրինակ, փոխնախագահը մեկնում Հունգարիա և Վիկտոր Օրբանի վերջին հանրահավաքին ելույթ ունենալով՝ կոչ անում քվեարկել նրա օգտին։ Ամեն ինչ խախտվել է․ այն, ինչ 15-20 տարի առաջ համարվում էր անընդունելի, այսօր դարձել է սովորական»,- նշել է «Հայաստան» դաշինքի առաջնորդը։
Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները Հայաստանում էական շահեր չունի, և նրանց միակ նպատակն է ամեն գնով անել հնարավորը, որպեսզի Փաշինյանը չպարտվի այս ընտրություններում։
Անդրադառնալով աշխարհաքաղաքական ենթատեքստին՝ Քոչարյանը հավելել է, որ ԱՄՆ-ի գլխավոր նպատակներից է վերահսկել Իրանի սահմանն ու «ցավեցնել Ռուսաստանին»։
«Նրանք անում են հնարավորը, որպեսզի այս տարածաշրջանում Ռուսաստանին փոխարինի Թուրքիան։ Արդյոք դա բխո՞ւմ է մեր շահերից․ իհարկե ոչ»,- եզրափակել է նա։
ՀՀ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղարը։ Նախատեսված է նրա հանդիպումը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, որի ընթացքում երկկողմ փաստաթղթեր կստորագրվեն։





































