Վաշինգտոնը չի շտապեցնի Թեհրանին հրադադարի երկարաձգման կամ բանակցությունների շուրջ համաձայնության հասնելու հարցում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։
Նա «3-5 օրվա պատուհանի» մասին տեղեկությունները որակել է «կեղծ»։
«Մարդիկ ասում են, որ ուզում եմ վերջ դնել այս հակամարտությանը միջանկյալ ընտրությունների պատճառով. դա ճիշտ չէ»,- հավելել է Թրամփը՝ բացատրելով, որ ԱՄՆ վարչակազմը ցանկանում է «լավ գործարք կնքել ամերիկյան ժողովրդի համար»։
Թրամփը նշել է, որ իրանական նավահանգիստների ԱՄՆ ռազմածովային շրջափակումն «ավելի շատ է վախեցնում» իրանցիներին, քան ռմբակոծությունները։
«Նրանց տարիներ շարունակ ռմբակոծել են, բայց նրանք ատում են շրջափակումը»,- նշել է Թրամփը։
Հարցազրույցում նա նաև Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին անվանել է խելացի մարդ և նշել, որ ակնկալում է, որ «նա դեռ այդպիսին կմնա, երբ բանակցությունները վերսկսվեն»։
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել էր, որ Իրանի հետ հրադադարի ժամանակացույցը խիստ չէ և, ի վերջո, այն կսահմանի Թրամփը։
Ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը ժամանակավոր հրադադար էին կնքել, սակայն խաղաղ բանակցությունները չեն հանգեցրել համաձայնության։ Հրադադարի ժամկետը լրացել էր ապրիլի 21-ին, և Թրամփն այն երկարաձգել էր նույն օրը։






































