Իսրայելն աջակցում է հրեաների և բոլոր հավատքների հավատացյալների միջև հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի արժեքները, գրել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն X սոցիալական ցանցում՝ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորի կողմից Լիբանանում Հիսուսի արձանը կոտրելուց հետո։
Ավելի վաղ համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ իսրայելական համազգեստով զինվորը կոտրում է Հիսուսի արձանը։ Ըստ Jerusalem Post-ի՝ միջադեպը տեղի էր ունեցել հարավային Լիբանանի Դեբել մարոնիական գյուղում։
Ըստ Նեթանյահուի՝ ինքը, ինչպես իսրայելցիների մեծամասնությունը, ցնցված է արձանին հասցված վնասի մասին իմանալուց։
«Ես դատապարտում եմ այս արարքն ամենախիստ ձևով։ Ռազմական իշխանությունները քրեական հետաքննություն են անցկացնում միջադեպի վերաբերյալ և կձեռնարկեն համապատասխան, խիստ կարգապահական միջոցներ հանցագործի նկատմամբ»,- ասել է Նեթանյահուն։
Նա նաև գրել է, որ Իսրայելը Մերձավոր Արևելքի միակ երկիրն է, «որտեղ քրիստոնյա բնակչությունը և կենսամակարդակն աճում են»։
«Մենք դատապարտում ենք այս միջադեպը, ինչպես նաև Լիբանանում և ամբողջ աշխարհում հավատացյալներին պատճառված ցանկացած տառապանք»,- եզրափակել է Իսրայելի վարչապետը։
Ապրիլի 17-ի գիշերն ուժի մեջ էր մտել Իսրայելի և Լիբանանի միջև տասնօրյա հրադադարի համաձայնագիրը: Հրադադարի առաջին օրը լիբանանյան NNA լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է ռմբակոծել հարավային Լիբանանի քաղաքները:






































